Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օրիորդ Ը... աչքերը կը բանա։

— Շնորհակալ եմ, կըսե, ինձի համար տարած խնամքդ գրավական մէ առ իս ունեցած սիրույդ․․. ուրախ եմ, որ սերս չմերժեցիր։ Ոհ, պարոն Կուռնելիոս, կաղաչեմ, վերցուր զիս և բազմոցին վրա պառկեցուր, վրաս ալ աղեկ մը ծածկե, որովհետև դող մը կզգամ։

— (Մեկուսի) Հիմա գործերնիս կարգի մտավ... խելքես մտքես չէր անցներ ասանկ փորձանք մը... գետնին տակն անցնի, բարով խերով սենյակս չմտներ։

Պարոն Կուռնելիոս օրիորդ Ը...ին թևը կը մտնե և կը տանի բազմոցին վրա կը պառկեցնե զինքն։

— Մեծապես շնորհակալ պիտի ըլլայի, կըսե օրիորդն պառկած տեղը, եթե բժիշկ մը ղրկեիր ինձի, պարոն Կուռնելիոս։

Կուռնելիոս, — Երթամ բժի՞շկ կանչեմ...

Օրիորդ Ը. — Ա՛հ, սիրելիդ իմ Կուռնելիոս (այս պահուն պանդոկապետն սենյակ կը մտնե), չես գիտեր թե սերը որքան ախտերու աղբյուր է, քանի քանի աղջիկներ մեռած են իրենց սերը մերժված ըլլալուն պատճառավ։ Սիրելիդ իմ Կուռնելիոս, կյանքս ձեռացդ մեջ է... կը սիրեմ զքեզ...

Պանդոկապետ, — Բարև ձեզ․․․

Կուռնելիոս․ — Հրամմեցեք պարոն պանդոկապետ, նստեցե՛ք։

Պանդոկապետ. — Ո՛չ, նստելու համար չեկա: Գիտեք պարոն Կուռնելիոս, որ այս պանդոկին մեջ գտնվող անձերուն ամենն ալ վաճառական են։

Կուռնելիոս․ — Այո՛։

Պանդոկապետ․ — Մանավանդ պատվավոր վաճառականներ։

Կուռնելիոս․ — Այնպես է։

Պանդոկապետ․ — Ուստի թող չեմ կրնար տալ, որ ձեր գայթակղելիք ընթացքն շարունակեք և իմ տունս փլցներ, հիմա, անպատճառ հիմա զուրս ելնելու եք այս պանդոկեն․.. ես զքեզ պարկեշտ և պատվավոր գավառացի մը կարծեցի․․.

Կառնելիոս. — Ի՝նչ ըրի որ․․․

Պանդոկապետ. — Ամիսն հարյուր ոսկի ալ տաս, չեմ ընդունիր անանկ բան։

Կուռնելիոս. — Բայց.․․