Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չգայի չպիտի հիվանդանայի, ապա ուրեմն դու ես պատասխանատուն։

Տիկին Ա. — (Մտնելով) Բարև ձեզ... աղվո...

Պանդոկապետ. — Պարոն Կուռնելիոս բնավ պարտականություն չունի քեզի ստակ տալու։

Օրիորդ Ը. — Ես տասն ոսկի չառած սենյակեն դուրս չեմ ելներ. ասկե ծագելիք հետևանքներն ալ կրնաք գուշակել, պարոն Կուռնելիոս...

Տիկին Ա. — Աղվորիկ աղջիկ մը կա քեզի հարմար պարոն Կուռնելիոս․

Պանդոկապետ. — (Ցածր ձանյով առ Կուռնելիոս) Ասոր քանի մը ոսկի տանք ու ճամբենք, որովհետև կրնա ձեր գլուխը փորձանքներ բերել։

Տիկին Բ. — (Մտնելով) Բարև, պարոն Կուռնելիոս, հարուստ աղջիկ մը...

Կուռնելիոս. — Ո՞ր մեկուն պատասխանելու է։

Պանդոկապետն հինգ ոսկի կառնե պարոն Կուռնելիոսեն և օրիորդ Ը...ին տալով սենյակեն դուրս կը հանե զայն, որ բարձրաձայն կը պոռա։

«Կուռնելիոս, Կուռնելիոս, ինձի ըրած չարության կրկինը գտնաս Աստուծմե, աշխարհի վրա չխնդաս, ինչ որ բռնես հող դառնա, առնելիք կնիկդ տունովդ տեղովդ փճացնե զքեզ, ողորմության կարոտ մնաս...»։

Պանդոկապետն մեծ նեղությամբ կը հաջողի պանդոկեն հանել այս միջնորդ օրիորդը։

Տիկին Ա. — Հոգ մի՛ ըներ, պարոն Կուռնելիոս, ամենուն ծանոթ անառակ մ՝է այս... ճիշտ քեզի համար աղվորիկ կլորիկ աղջիկ մը գտա․․․

Տիկին Բ. — Սիրտդ դող մի՛ հաներ, պարոն Կուռնելիոս, այդ աղջիկն ամենուն հետ այդ եղանակով կը վարվի... Հարուստ օրիորդ մը միտքս եկավ քեզի համար։

Տիկին Ա. — Խոսքս մի կտրեր, տիկին Բ..․ առաջ ես խոսիմ, ետքն ալ դուն խոսե՛. անանկ չէ՞, պարոն Կուռնելիոս, ըսածս կանոնավոր չէ՞։

Կուռնելիոս. — Շատ կանոնավոր խոսք է։

Տիկին Բ. — Ես ալ կըսեմ, որ գործ ունիմ, պիտի երթամ, անոր համար առասջ ես խոսիմ. այս խոսքիս մեջ անկանոնություն մը կա՞։