Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կուռնելիոս. — Աս ալ կանոնավոր է:

Տիկին Ա. — Ես կը փափագիմ, որ իմ ցույց տալիք աղջիկս տեսնե առաջ, և կարծեմ թե այս փափագս օրինավոր է։

Կուռնելիոս. — Խիստ օրինավոր է։

Տիկին Բ. — Կուզեմ, որ առաջ իմին ներկայացնելիք օրիորդս տեսներ:

Կուռնելիոս. — Ձեր փափագին մեջ ալ օրինավորության հակառակ բան չեմ տեսներ։

Տիկին Բ. — Ուրեմն ես կերթամ: Պատրաստվեցեք վաղը աղջիկ տես երթալու ժամը ութին ատենները:

Կուռնելիոս. — Շատ լավ։

Տիկին Բ. — Մնաք բարով։

Կուռնելիոս. — Երթաք բարով։

Տիկին Ա. — Կը զարմանամ, որ անանկ միջնորդներու կարևորություն և խոսք կուտաք։ Վաղը հոս կուգամ, անգամ մը կը տեսնեք իմ առաջարկած աղջիկս։

Կուռնելիոս. — Ես ալ ան պիտի ըսեի, վաղը եկուր և անգամ մը տեսնեմ ձեր առաջարկած աղջիկը։

Տիկին Ա. — կը մեկնի։

Հետզհետե կուգան և հետևյալ օրն ժամն ութին ատեններն աղջիկ—տես երթալու խոսք առնելով պարոն Կուռնելիոսեն կերթան մյուս միջնորդներն, որ պանդոկին մեջ մեյ մեկ ծակ պահվտած էին։

Պարոն Կռւռնելիոս յուր հյուրերն ճամբելե հետո բազմոցին վրա անկյունը կը նստի և կը խորհի, թե ինչ պատրաստություններ տեսնիլ հարկ է հետևյալ ավուր աղջիկ-տեսի համար։ Կես ժամու չափ մտածելե հետո, հանկարծ հայելիի առջև կերթա, կը կանգնի, կը քննե յուր հագուստն և անոր ձևն, և կորոշե որ եվրոպական ձևով ձեռք մը լաթ գնե. արդեն բարեկամներեն ոմանք այս խորհուրդն տված էին իրեն։ Ուշի ուշով կը քննե մաղերն ու պեխերն և զանոնք կտրելու և եվրոպական ձևի բերելու հարկը կ՚զգա։ Պանդոկապետը կը կանչե և կաղաչե անոր, որ ընկերանա իրեն, ձեռք մը լաթ դնելու համար։ Պանդոկապետը կը հավանի. մանավանդ կը յորդորե զինքն, որ ադամանդյա մատանի մ և ոսկի ժամացույցով շղթա մալ գնե, հայտնելով, թե փեսացուներուն մատներուն և բաճկոնին մեծ կարևորություն կը տրվի։ Փեսացուն հավանություն կուտա, և պանդոկապետին հետ կ՛եր—