Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տիկին Գ․ — Կարծեք թե ես ունի՞մ։

Տիկին Թ․ — Պարոն Կուռնելիոս, գոհ ընելու ես այս տիկիններն, եթե ոչ չես կրնար հոս աղջիկ գտնել, ասոնք կերթան կավրեն քու անունդ։

Տիկին Ա․ — Փողոցներու մեջ ծանուցում պիտի փակցունենք, թե պարոն Կուռնելիոս խենդին մեկն է։

Կուռնելիոս․ — Եթե ձեր ծախքը վճարեմ...

Տիկին Ա․ — Այն ատեն ինչո՞ւ խենդ ըլլաս, մենք մարդ բամբասող չենք, մենք մարդու անուն ավրողներեն չենք, մենք մարդու զավակներ ենք, մենք անարատ կաթ ծծած ենք։

Համբարձում աղբար. — Ձեր ծծած կաթին մեջ շատ ջուր խառնված է կարծեմ։

Տիկին Թ․ — Պարոն Կուռնելիոս, ժամանակ չանցունենք պարապ տեղ, որոշումդ տուր։

Պարոն Կուռնելիոս կը կանչե պանդոկապետն, որ նախ կը փորձե անուշությամբ ճամբել միջնորդներն և չհաջողելով բռնությունն ձեռք կառնե, վերջնույն մեջ ալ անհաջող կեյնե և կը համոզե պարոն Կուռնելիոսն, որ դրամով գոհացնե կիներն։

Պարոն Կուռնելիոս նորեն քսակին բերանը կը բանա։

Միջնորդները գոհ կըլլան և կը մեկնին շնորհակալություն հայտնելով։

— Պարոն Կուռնելիոսն ազնիվ մարդ է․․․

— Զգացման տեր է․․․

— Ազնիվ սիրտ ունի...

— Վեհանձն է.․․

— Մեծանձն է․․․

— Իրեն կին ըլլալիք աղջիկը շատ աղեկ օրեր պիտի տեսնե։

Պանդոկապետ․ — Կը ցավիմ, պարոն Կուռնելիոս, որ ձեր դյուրահավանության պատճառավ պարապ տեղ կը վատնեք ձեր ստակներն։ Կանխավ իմացուցի ձեզի, թե ականջ կախելու չէ այս կանանց, որ դյուրահավան շեղողներեն իսկ ստակ կորզելու գիտությունն շատ լավ ուսած են։

Կուռնելիոս․ — իրավունք ունիս, ես պիտի ըսեի. այսչափ ստակ տվինք և դեռ աղջիկ մը չտեսանք։

Պանդոկապետ․ — Անպատճառ կարգվիլ կուզե՞ս։

Կուռնելիոս․ — Այո՛։

Համբարձում. — Անպատճառ ի՞նչ ըսել է, թերևս չկարգվիր։