Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺԱՄ ՄԸ ՊՏՈԻՅՏ

Այս տարվան գարունն առանց գարնան անցուցինք, և սակայն բանաստեղծներն իրենց սովորության համեմատ չմոռցան գարնան գալուստն ողջունել։ Ողջ ըլլան, անոնք իրենց բանաստեղծական պարտականությունն կատարեցին, դիմավորելով գարունն, որ ինչպես կը թվի այս տարի հառաջիկա աշնան պիտի հաճի գալ։

Առիթն կը ներկայանա ինքնիրենս հարցնելու, թե անոնք, որ կը նկարագրեն ստուգիվ տեսա՞ծ են զայն, ե՞րբ և ո՞ւր, կը ճանաչե՞ն զինքն, թե անունն միայն լսած են ուրիշ բանաստեղծներեն, կամ ի լրո իմացած են, թե ամեն մայիսին գարուն կուգա։ Բանաստեղծք ոմանք իրենց փոքրիկ գրասենյակին մեջ կը տեսնեն զայն, ոմանք հոգվո անմահության մեջ, ոմանք իրենց սիրուհվույն վարդագեղ ջրթանցը վրա, ոմանք մարմնո անմահության մեջ, ոմանք անմեղ կուսին — և մեղավոր կույս չըլլար — խարտյաշ մազերուն մեջ, ոմանք օղիի գավաթին մեջ, ոմանք գրական իմաստասիրության մեջ, և այս բանաստեղծներն իրավունք կուտան ինձ հավատալու, թե իրենք ալ տեսած չունին բուն և ճշմարիտ գարունն, որ տեղ մը միայն կը գտնվի և ոչ երկու տեղ։ Եվ արդարև գարունն յուր վարկը կը կոտրե, եթե օղիի գավաթեն մեկնի և անմեղ կուսին շրթանցը հպի և հետո անկե ելնելով չգիտեմ որ պարոնին սիրուհվույն մազերուն մեջ մտնե և այսպես ճամբորդություն ընե ամեն տեղ հանդիպելով։

Բանաստեղծներուն պես կիներն ալ ամեն մայիսին դիմավորելու կելնեն գարունն։ Բայց օդն ամպոտ է, անձրևոտ է, փույթ չէ, բավական է, որ գարուն է, հարկ անհրաժեշտ է դալարյաց վրա շրջիլ։ Բայց դալարիք չկա, ցուրտ քամին կը փչե, հոգ չէ, գարուն է, անպատճառ դաշտն ելնելու է և ճաշ ընելու է հոն։ Բայց ամուսինն ստակ չունի կառքի համար վճարելու, վնաս չունի, թող փո—