Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հարյուր փարայի տաս նե՝ օխա մը կշռե։

— Շատ աղեկ, կըսե և կը կշռե։

Դուն ալ թաշկինակդ կը հանես կը բանաս, կեռասները մեջը կը դնես, կը կապևս, կողովին մեջը կը ձգես և կսկսիս գրպաններդ խառնելու։ Կը խառնես, կը խառնես բան մը չես կրնար գտնել, բաճկոնիդ ճեպերը կը խառնես, մեջը դուրս կը հանես, դուրսը մեջ կը խոթես, խառնելով կը խառնես և փնտրածդ չես կրնար գտնել. վերջեն կը հիշես, որ այն օրը հարյուր փարա ունեիր, ան ալ պոթիններդ կարկտելու տվիր։

Ասոր վրա շուտով ինքզինքդ կը ժողվես, թաշկինակդ կը քակես և կեռասները կողովին մեջ թափելով կըսես։

— Բմիշկը պատվիրեց, որ կեռաս չուտեմ։

— Ինչո՞ւ։

— Հարբուխ ունիմ։

— Թող զավակներդ ուտեն:

— Անոնք ալ հարբուխ ունին։

— Ո՞րչափ ատենե իվեր։

— Պոթիններս կարկտել տալես իվեր:

Աստված հարատևություն տա։

Գրաշար մես, տպարանի մը մեջ լրագրի մը գրաշարությունը վրադ ես առեր, քանի մը թերթ շարելեն ետքը կը նայիս, որ խմբագիրը չերևար, կելնես տունը կերթաս, կը հարցնես։

— Պարոն խմբագիրր հոս ըլլալու պատիվն ունի։

— Ինքը հոս է, բայց պատիվը երեկ իրիկուն գինեպանին գրավ դրավ։

— Գնա զրուցե, որ գրաշարը զինքը կուզե։

Սպասավորը վազելով կերթա տիրոջը իմաց տալ և քանի մը վայրկյանեն դառնալով կըսե.

Այսօր հարբուխ ունի մարդ չկրնար ընդունիլ։

— Ես ստակ պիտի ուզեի. ինչ է նե վաղը պիտի կրնա ընդունել։

— Ատոր համար բնավ բան մը չըսավ։

— Գնա՛ հարցուր։

Սպասավորը կերթա, կը հարցնե, կուգա, կը պատասխանե.

— Վաղն ալ հարբուխ պիտի ունենա եղեր։