Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Տեր Աստված, դուն համբերություն տուր ինձի։

— Սա սկսելիքդ ըսելու ես ինձի:

Մեծ աղջիկն. — Ամոթ է մայրիկ, մի պոռար, դրացիները կիմանան։

— Չսկսինք եղեր։

Պզտիկ աղջիկն. — (Հորը թևեն բռնելով) վար իջնանք, հայրիկ։

Մեծ աղջիկն մորն բարկությունն իջեցնելու և պզտիկ աղջիկն հայրն վար իջեցնելու կաշխատին և երկուքն ալ կը հաջողին։

Առավոտ կըլլա։

Կինն. — Լանտոները չերևցան տակավին։

Այրն. — Երկու լանտոյի ի՞նչ պետք ունինք, չորս հոգի ենք, մեկ կառքի մեջ չե՞նք սղմվիր։

— Ես ըսածս գիտեմ, ապուշ չեմ, օրիորդ Թ...ն, տիկին Փ..․ը և պարոն Ժ...ն ալ պիտի հրավիրեմ։

— Մեկ լանտոն մեկ ոսկիեն պակաս չգար, ես ստակ չունիմ այսօր։

— Ստակ չունի՞ս, ի՞նչ ըրիր տված երկու հազար ոսկիս։

— Երեսուն տարվան գործը նորեն մի սկսիր կրկնել։

— Ինչո՞ւ համար չպիտի կրկնեմ եղեր, ինչո՞ւ տվի քեզի այդ ոսկիները։ Հիմա բոլոր ձայնս թող կուտամ, հա՛, կառքերը հիմա հոս գալու են, հիմա կերակուրներն ալ պատրաստվելու են և մեր ետևեն ղրկվելու են, ես ուրիշ բան չեմ գիտեր, ահա հագվելու կերթամ կոր. աղջիկներ, հագվեցե՛ք դուք ալ և իմացուցեք օրիորդ Թ...ին, տիկին Փ...ին և պարոն Ժ...ին, որ գան։

Քերոբե աղան, որ ստիպված է խաղաղասեր ըլլալ, բարկությամբ փողոցը կը նետե ինքզինքն և լանտո փնտրելու կերթա։

Անձրևը կսկսի։

Կառավարները աղեկ կը ճանչնան Քերոբե աղան, որուն առած երկու հազար ոսկվո դրամ օժիտին մեկ մասը լանտոներու մեջ կորուսած էր, կամ, լավ ևս, լանտոներու վերածված էր, ըստ որում բնության մեջ բան մը չկորսվիր։

— Ի՞նչ կը փնտրեք, Քերոբե աղա, կա՞ռք կուզեք, ես կը տանիմ, կըսե կառավարներեն մին։

— Քերոբե աղան խենդ չէ, որ ասանկ օդով պարտելու երթա։ Եկուր, Քերոբե աղա, քեզի օղի մը խմցնեմ, կըսե գինեվաճառ մոր օղիի վերածած էր Քերոբե աղային դրամօժիտին մեկ մասը։