Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչու խենդ ըլլամ, կը պատասխանե Քերոբե աղան, օդն ի՞նչ ունի, զով է, պարտելու համար սքանչելի օդ մէ։ Արեվեն չեմ ախորժիր ես, և ասանկ գեղեցիկ օղի համար հողի կուտամ։ Կառավար, ձիերը լծե:

— Քանի՞ կառք կուզեր, Քերոբե աղա, արևդ սիրեմ։

— Երկու լանտո:

— Գլխուս վրա, Քերոբե աղա, արևդ սիրեմ։

— Շուտ ըլլալու է։

— Հիմա, Քերոբե աղա, հոգիդ սիրեմ։

Կառավարը կերթա կառքերը պատրաստելու։

— Քերոբե աղա, քիչ մը օղի, գինի չպիտի՞ առնես, ասանկ օդին օղի և գինի կը խմվի։

— Ես պիտի ըսեի, քիչ մը օղի, քիչ մալ գինի ղրկե տուն, բայց սա մսավաճառեն կտոր մը միս և նպարավաճառեն պանիր, ապուխտ, աղած ձուկ և այլն առ ու մեկու մը տուր, որ տուն տանի։

— Շատ աղեկ, հոգ մի՛ ըներ, մինչև որ տուն երթաս ես ալ անոնք կր ղրկեմ։ Օղի մը չես խմեր, Քերոբե աղա։

— Գավաթ մը տուր նայինք։

Քերոբե աղան գավաթ մօղին կը խմե և կը հառաչե։ Առջի իրիկուն մեծ դժվարությամբ երկու ոսկի փոխ առած էր մեկ բարեկամեն և այդ գումարն տանտիրոջ պիտի տար ի հաշիվ տան վարձու։ Քերոբե աղան ալ ուրիշներու պես օղիով կը մխիթարվեր։ Մտահոգությունն ոգելից ըմպելիքներեն ավելի վնասակար կը գտներ առողջության և շատ անգամ կը մեղադրեր բժիշկներն, որ ամեն օր ոգելից ըմպելյաց վնասակարությանը վրա կը գրեն և երկու տող չեն գոհեր այն ամուսնույն վիճակին վրա, որ տանտիրոջ վճարվելիք ստակն լանտոյի տալու հարկին մեջ կը գտնվի։ Այս պատճառավ շատ պաղած էր բժիշկներեն, որ կըսեր, կը պատվիրեն իրենց հիվանդին Եգիպտոս երթալ օդափոխության համար, մինչդեռ հիվանդն տուն երթալու համար շոգենավի ստակ չունի։ Այս մտածումներու մեջ ընկղմած՝ Քերոբե աղան արժան դատեց օղի մալ խմել: Խմեց։ նորեն խմեց և կես ժամու չափ խմեց, այնպես որ հավասարակշռությունն կորսնցուց: Կարելի՞ է, որ հավասարակշռությունն կորսնցուցած պյուտճե ունեցող մը չկորսնցնե յուր հավաաարակշռությունն:

Այս վիճակին մեջ տուն դարձավ Քերոբե աղան։ Կառքերը դռան առջև կսպասեին։