Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Քերոբե աղան եկավ, Քերոբե աղան եկավ» պոռացին վերեն և հյուրերն, որ հրավերն ընդունած և բարեհաճած էին անմիջապես գալ, վար վազելով դիմավորեցին Քերոբե աղան և շնորհակալություն հայտնեցին անոր:

— Մեծապես շնորհակալ եմ, Քերոբե աղաք ըսավ օրիորդ Թ․․․ որ չեք մոռցած զիս ալ հրավիրել այս օրվան հացկերույթին։

— Չեմ կրնար բառ գտնել Քերոբե աղային շնորհակալություն հայտնելու այն հրավերին համար, որով հաճեցավ պատվել զիս, ըսավ տիկին Փ․․․ կոտրվելով և կոտրտվելով և կոտրտվելով:

— Գոհ եմ, Քերոբե աղա, ըսավ պարոն Ժ... ծանրությամբ, լրջությամբ և քիչ մալ շրջահայեցությամբ։

— Օդը ի՞նտոր է, աղեկ չէ՞, պտըտելու օդ չէ՞, հարցուր Քերոբե աղան։

— Սքանչելի օդ, պատասխանեցին հյուրերն միաբերան։

Քերոբե աղային ղրկած ըմպելիքներն, միսն և նպարեղեններն կառքի մը մեջ դրված էին: Քերոբե աղային աղջիկներն ու հյուրերն պատրաստ էին. տիկին Ք․․.ին կսպասեին, որ յուր սենյակեն չէր իջնար տակավին։ Քանի մը վայրկյանե ետքը տիկին Ք... պոռաց վերեն։

— Քերոբե աղա, Քերոբե աղա։

— Ի՞նչ կա։

— Շուտ եկուր, սա կոշիկիս կոճակներն անցո՛ւր։

Տիկին Ք.․․ շատ գեր է, այնքան գեր է, որ չկրնար ծռիլ յուր կոշիկները կոճկելու համար:

Օրիորդ Թ.․․ վեր կը վազե և քանի մը վայրկյան անցնելե հետո կիջնե տիկին Ք.․․ ին հետ, որ էրկանն երեսը ծուռ ծուռ կը նայի և կը հանդիմանե զայն ըսելով․

— Ձեռքե՞րդ կը մաշեին, եթե կոշիկներս կոճկեիր... ահ, այս էրիկ մարդիկ կնկան քսըյմեթ չիյտեն։

Քերոբե աղան իբր կատակ կ՝ընդունի տիկնոջը հանդիմանությունը։

Երթանք, կըսե տիկին Ք... կառքին մեջ կը մտնե նախ ինքն և հետո (ուր քովը կը հրավիրե պարոն և յուր դեմն օրիորդ Թ․․․ն և պզտիկ աղջիկն։ Մյուս կառքին մեջ կը մտնե տիկին Փ.․․ ն և Քերոբե աղային մեծ աղջիկն: Քերոբե աղան կառք մտնելու վրա էր, երբ տան տերը կուզա և մեկ կողմ կ՝առնե զայն հայտնելով, թե երկու խոսք ունի իրեն զրուցելու: