Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը կայնին։ Տիկին Ք... օղիի գավաթ ի ձեռքեն կառքեն կիջնա, ինչպես նաև հյուրերն և Քերոբե աղային աղջիկներն։ Քերոբե աղան օղին շատկեկ փախուցած ըլլալուն պատճառավ կը փռվի կը մնա կառքին մեջ։ Տիկին կաղաչե կառավարներուն, որ կրակ շինեն։ Կրակն կը պատրաստվի և տիկինին աղջիկներն իրենց թևերը կը սոթտեն կերակուր եփելու համար։ Հյուրերը կօգնեն աղջիկներուն։ Տիկին Ք.․․ և պարոն Ժ... կաղամախին տակ մինակ կը մնան և կը խմեն և կերգեն և կը պարեն։

— Պարոն Ժ..․ ինչո՞ւ այսօր տխուր կր տեսնեմ զքեզ, կը հարցնե տիկին Ք...

— Ընդհակառակն, շատ ուրախ եմ այսօր, և միթե հնա՞ր է ձեր ներկայության տխուր ըլլալ։

Այս միջոցին հեղեղի նման անձրև մը կսկսի գալ։

Ամենքը վազելով լանտոներու մեջ կը մտնեն պատսպարվելու համար։ Ժամ մը կանցնի, անձրևը չդադրիր։ Կառավարներն դիտել կուտան, թե այս գեշ օդով չեն կրնար հոն մնալ և թե հարկ է երթալ։ Տիկին Ք... դեմ կը դնե կառավարներուն, որ առանց ականջ կախելու տիկնոջ խոսքերուն ձիերը կը լծեն և կսկսին միսն և նպարեղենն հոն թողլով, կառքերը վարել։ Կես ժամեն կառքերը կը հասնին Քերոբե աղային տանն առջև։ Վար կիջնան, կառավարներն Քերոբե աղային թևերը կը մտնեն և կիջեցնեն զայն։ Քերռբե աղան կը քնանա։ Կառավարներն դույլ մը ջուր կը թափեն անոր գլխուն վրա, որ արթննա և իրենց ստակը վճարե։ Ծովն իսկ նետես Քերոբե աղան արթննալու տրամադրություն ցույց չտար և իրավունք ունի, որովհետև պարզապես հիմարություն է արթննալ ստակ տալու համար։ Կառավարներն տիկին Ք... ին կը դիմեն և կաղաչեն, որ իրենց հաշիվը տեսնե — հաշիվս տես ըսելը, ստակ տուր կը նշանակե — ։ Տիկին կը հայտնե իրենց, թե ստակ պահանջելու բնավ իրավունք չունին, թե իրենք պարտավոր էին մինչև իրիկուն հոն սպասել, թե օդը շատ աղեկ էր, գարնան գեղեցիկ օրերեն մին էր, թե անձրևի պատրվակավ իրենց զբոսանաց արգելք ըլլալու չէին։ Պարոն Ժ... բոլորովին համամիտ կը գտնվի տիկին Ք... ին և հյուրերն ալ իրավունքը կը զլանան կառավարներուն։

— Բայց մեր ձիերը վարժված չեն անձրևի տակ մնալ, կը հիվնդնան, կըսեն կառավարներն։

— Մենք ձեր ձիերր զվարճացնելու համար պարտելու չելանք, կը պատասխանե տիկին Ք․.. — և ձեր ձիերուն առողջու—