Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյունը մեր զվարճության հետ հարաբերություն չունի, ձիերն ալ թո՛ղ լանտոներու մեջն առնեիք, որ չմսեին...— եթե կուզեք. մեյ մեկ քիչ մսի ջուր տանք ձեր մեծապատիվ ձիերուն...

— Տիկին, կատակ չընենք, մեր ստակը տվե՛ք, երթանք, աղքատ մարդիկ ենք մենք, գործ ունինք։

— Մենք ալ գործ ունինք։

— Չվայլեր ձեզի, որ մեզի պես աղքատ մարդոց իրավունքն հափշտակեք։

— Ես չեմ խառնվիր, Քերոբե աղային գնացե՛ք։

— Կը քնանա կոր։

— Արթնցուցե՛ք։

— Չարթննար կոր։

— Արթուն է անիկա։

— Քերոբե աղան, արևը սիրեմ, անանկ մարդ չէ, ստակը կուտա բայց կը քնանա կոր։

Կառավարները կիջնան Քերոբե աղային սենյակը։

— Արևդ սիրեմ, Քերոբե աղա, սա մեր ստակը տուր երթանք, կըսե մին:

— Քերոբե աղա, կատակ մի ըներ, Աստվածդ սիրես, մեզի սպասել մի՛ տար, կը հարե մյուսն:

— Արթնցի՞ր, Քերոբե աղա, հոգիս։

Կառավարներեն մին տեսնելով, որ Քերոբե աղան չարթննար, անոր գրպանեն կը հանե քսակն և մեջը գտնված երկու ոսկիներն կառնե, քսակն նորեն Քերոբե աղային գրպանին մեջ կը դնե և ընկերոջը հետ կը մեկնի:

Հյուրերն ալ կը մեկնին։ Տիկին Ք..․ օղիին ազդեցության ներքև բազմոցին վրա կը քնանա։

Երկու երեք ժամեն կարթննա Քերոբե աղան և կապշի կը մնա ինքզինքն տանը մեջ գտնելուն վրա։ Աղջիկները կը կանչե և անոնց կը հարցնե, թե երբ դարձան դաշտեն։ Աղջիկները եղելությունը կը պատմեն։ Կուզե իմանալ, թե ո՛վ վճարեց կառավարներուն, աղջիկներն այդ մասին չեն կրնար գոհացուցիչ տեղեկություն տալ իրենց հորը: Քերոբե աղան տիկնոջը կը դիմե և անոր պատասխաններեն ալ բան մը չհասկնար։ Վերջապես քսակին կը դիմե և կը տեսնե, որ ոսկիներն չկան, անմիջապես կերթա կառավարներուն։

— Ո՜վ տվավ ձեր ստակը:

— Դուն չտվի՞ր, Քերոբե աղա, արևդ սիրեմ, վարի սենյակին մեջ, կ՝ըսե մին։