Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մոռցա՞ր, Քերոբե աղա, վարի սենյակը մեզի մեյ մեկ ոսկի տալդ, դուն երկու ոսկին շատ է ըսիր, մենք քիչ է ըսինք, դուն չըլլար ըսիր, մենք ալ կըլլա ըսինք, կը պատասխանե մյուս կառավարն։

— Ես տեղեկություն չունիմ այդ գործեն։

— Օղին քանի մը գավաթ ավելի փախուցած էիր․..

— Բայց այնպես ես ըրածս և խոսածս չեմ մոռնար։

— Ըսել է որ գրպանեդ գողցանք, ինձմե անանկ բան կը հուսա՞ս, արևդ սիրեմ, Քերոբե աղա։

— Չեմ հուսար, բայց․․․

— Չես հուսար նե՝ արևդ սիրեմ, Քերոբե աղա, մի ըսեր թե ես չտվի։ Եթե ձեր տեղը ուրիշներն ըլլային հինգ ոսկի պիտի տային մեզ ասանկ անձրևոտ օդով դուրս ելնելու համար։ Իմ ձիերս արդեն հիվնդցան, կը հազան կոր։

— Իմիններս ալ չեն կրնար կոր աղեկ շունչ առնել։

— Կը վախնամ, թե իմիններս թիֆոյե պիտի բռնվին։

— Ես ալ կը կասկածիմ, որ իմիններս ալ տենդե պիտի պառկին։

— Կը խնդրեմ, աղեկ նայեցեք սա ձիերն, որ մեր պատճառով չելնեն հիվնդնան։

Քերոբե աղան տուն կը դառնա լռիկ, մնչիկ և կսկսի ճակատը շփել և խորհիլ, թե որո՛ւ դիմել հարկ է երկու ոսկվո նոր փոխառություն մը ընելու համար, որպեսզի տան վարձքը վճարվի։

Այս կետին վրա խորհած միջոցին տիկինը կիջնա և կը հրամայե ամուսնույն, որ հետևյալ օրվան համար երկու լանտո վարձե, որպեսզի գարունը վայելելու երթա, որովհետև, կըսե, նույն օրվան զբոսանքն իրեն քիթեն բերնեն հանեցին անպիտան կառավարները։ Շատ աղեկ, կը պատասխանե Քերոբե աղան, և գինետուն կերթա քանի մը գավաթ օղի խմելու և գարունեն օձիքն ազատելու համար կինն արձակելու կարճ միջոց մը գտնելու։