Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և թույլ չտվի, որ դուրս ելնե. — Խահվեի սիրահարներեն չեմ, ըսի, կաղաչեմ, որ աշխատություն չառնեք դուրս ելնելու։ Նստեցավ։ Քանի մը վայրկենեն ետք նորեն պոռաց. Փլորա՛, տակավին չհագվեցա՞ր.— Մազերս կը սանտրեմ կոր։— Ռոզա, չպատրաստվեցա՞ր դեռ․ — Խոսք մը փախցնել պիտի տայիր բերնես, որ... տեր ողորմյա, աս ինչ տեսակ մարդ Է, թող չտար, որ հագվիմ։ Տիկիններն և օրիորդներն քիչ մը ծանր կզգեստավորվին, կը խնդրեմ, որ չնեղանաք, ես օտար չեմ, գրեթե ես ալ ձեր եղբայրն եմ, ըսի։ Շնորհակալ եմ, պատասխանեց բարեկամս։ Այլ և այլ նյութերու վրա խոսք եղավ, կես ժամ անցավ և բարեկամս սկսավ դարձյալ կանչել Ռոզան և Փլորան։ — Ռոզա, խահվեն ո՞ւր Է. — Գուլպաներս կը հագնիմ կոր, հիմա կուգամ։ Փլորա, ո՞ւր ես. — Ֆորֆեզաներս կը դնեմ կոր։ Կանանց վրա խոսք բացվեցավ և մեկ ժամ տևեց։ Բարեկամս, որ սույն խոսակցության միջոցին քանի մանգամներ նորեն պոռացած էր, որ խահվե բերեն, ավելի բարձր ձայնով աղաղակեց. — Փլորա, ինչո՞ւ չես բերեր խահվեն․ — Լավանտա կը քսվիմ կոր։ Վրայեն մեկ ու կես ժամ ալ անցավ և այս միջոցին առնված պատասխաններն հետևյալներն Էին, — Մազերս կը ժողվեմ կոր, հիմա կուգամ, կոշիկներս կը հագնիմ կոր, լմնցավ, քորսես կը սղմեմ կոր, օղերս կը դնեմ կոր, պիտի գամ, շրջազգեստս կը շտկեմ կոր և ասոնց նման հազարավոր պատասխաններ: Վերջապես երեք ժամեն հետո բարեհաճեցան վար իջնալ, և օրիորդն ներումն խնդրելեն ետքը, թե քանի մը վայրկյան ուշացուցեր են խահվես բերելու, դուրս ելավ ինձ խահվե եփելու համար։ Տիկինն վեր ելավ նորեն, կարծեմ շտկելու համար ճակտին վրա ցցված քանի մը թել մազերն, ուր կը տաներ միշտ յուր ձեռքը մեր քովը գտնված միջոցին։ Օրիորդն, որ խահվեն պատրաստելու խոստմամբ ելած էր սենյակեն դարձյալ յուր հայելվույն առջին է, որովհետև երբ բարեկամս կանչեց զինքն, պատասխան տվավ, թե քորսեին կապը բրդած է և զայն վերակարելու զբաղած է։ Հուսկ ուրեմն, և հակառակ թախանձանացս, բարեկամս գնաց խահվես եփելու։ Սենյակեն դուրս ելավ և քանի մը վայրկենե մտնելով՝ ակամա ծիծաղով մը ըսավ. — Ոչ խահվե ունինք և ոչ շաքար, մոռցած են ինձ ըսել, որ գնեի. — Արդեն սովորություն չունիմ, ըսի, խահվե խմելու, հանգիստ եղեք․ երթանք գրադարանն աչքե անցունելու։