Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մեռնի ան ալ և կը զարդարվի պատանքով, միշտ ամենեն վերջին և ամենեն նոր ձև ունեցող շրջազգեստով...

Այս խոսքերն իմ ականջս չեն մտներ, կըսես դուն, այդ պատմածներդ սուտ են և միայն քու երևակայությանդ մեջ գոյություն ունին։ Կինն հարկավ պիտի հագվի ալ, պիտի շքվի ալ, պիտի զարդարվի ալ, պիտի պարե ալ, պիտի երգե ալ, պիտի ցատկե ալ, պիտի խմե ալ․ մեղա՜, ինչո՞ւ համար աշխարհք եկեր ենք, պիտի զվարճանանք ալ, պիտի զբոսնունք ալ․․․ չէ՞ որ պիտի մեռնինք օր մը։

Միևնույն առարկություններն կընեն ընդհանրապես ամեն կանայք, երբ պարզասիրության հրավիրվին։ Կանայք կը կարծեն, թե միմիայն զարդարվելու համար ստեղծված են, մինչդեռ, ըստ սուրբ գրոց, մարդու ընկեր, օգնական և աջակից լինելու համար ելած են Ադամա կողեն։ Եվ արդարև ինչ որ մարդ է, չկրնար առանց կնկան ապրիլ, ի բաց առյալ կուսակրոններն, բայց ամեն մարդ կրնա ապրիլ առանց շրջազգեստի, կոշիկի, գլխարկի, ձեռնոցի, գուլպայի և այլն ծախուց աջակցության։ Եվ ո՞վ կը համարձակի հավատալ, որ Աստված Ադամա կողեն պճնասիրություն քաշած ըլլա։ Այլ սակայն կանայք իրենց զարդասիրությամբն կարծեն զմեզ հավատալու, թե Ադամա կողին բացվելովն սոսկալի ծախոց դուռ մը բացվե կարոտ կը թվի։ Ահ, տիկին, եթե գրաբար Աստվածաշունչս քովս ունենայի, Սողոմոն իմաստունեն քանի մը հատվածներ մեջ կը բերեի, հասկցնելու համար քեզ, թե ինչ է կնոջ պաշտոնն և ինչպես պետք է լինել կին մը։ Չեմ ուզեր շատախոսություն ընել և կը դառնամ պզտիկ դեպք մալ պատմելով, կնքել նամակս, որ քիչ մերկար եղավ։

Տասնևութն տարեկան աղջիկ մը մոլություն ուներ բնավ չմսելու և յուր մեջքն շատ բարակ ցույց տալու, այնպես որ ձմրան ամենեն ցուրտ օրերն առանց թիկնոցի կը պտըտեր։ Այս աղջիկն գիշեր մը պարահանդես կերթա, կը պարե, կը քրտնի և տուն կը դառնա դողալով։ Հետևյալ օրն անկողինեն չելներ, բժիշկ կուգա և ծնողացը կիմացնե, թե հիվանդը դարմանի կարոտ է։ Հիվանդն անկողնո մեջ իսկ կը մերժե կռնակն բուրդե թիկնոց մառնել։ Հիվանդությունն օր ըստ օրե կը հառաջանա, հաղ, թուք, գլխու ցավ, կռնակի ցավ, կուրծքի ցավ, ջերմություն, փոխ առ փոխ կզբաղցնեն զինքն, որ չուզեր քորսեն հանել նույնիսկ մահվան անկողնույն մեջ։ Բժիշկը խստիվ կը պատվիրե ծնողացն, որ հիվանդն տաք պահեն,