Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԱՌՏՆԻՆ ԿՌԻՎՆԵՐ

— Այս ժամո՞ւս կուգան տունը, կերակուրը քսան անգամ կրակի վրա դրի, քառասուն անգամ վար առի։

— Լռե՛, կնիկ, իմ հոգերս ինձի հերիք են։

— Ի՞նչ հոգ ունիս, մեյխանեն գնա, ժամերով խմե, անկե ետքն ալ հոգեր ունիս եղեր։

— Կնի՛կ, լռե՛, կըսեմ կոր։

— Բերանը տակառ կը հոտի կոր.․․ լռելու եմ եղեր.․․ էրիկ մարդոց ամենն ալ ասանկ են... գինովնալու համար միշտ պատճառ կը գտնեն... Կիրակոս աղան ամեն գիշեր գլտորելով տուն կը դառնա, ինչո՞ւ.. որովհետև խեղճը տասը զավակաց հայր է և հուսահատ վիճակի մեջ է։ Թորոս աղան գրեթե ամեն օր գինով է... պատճառը հարցնես նե խեղճը չորս ամիսե ի վեր պարապ կը պտըտի կոր... գինի խմե նե գործ կը գտնի եղեր... Ղուկաս աղան ուխտ ըրած է բնավ ջուր չխմել, ինչո՞ւ, որովհետև կնկանը հետ տըրլիխ չունի եղեր... ինչ գիտնամ, քաշվելու բան չէ աս... դուն ինչո՞ւ համար կը խմես կոր հինգ ամիսե ի վեր։

— Այս գիշեր կռի՞վ ընել կ՚ուզես կոր։

— Այո՛, կռիվ ընել կուզեմ կոր, ի՞նչ պիտի ըսես։

— Անգամ մը հարցուցի՞ր ինձի՝ թե այսօր քանի՞ փարա վաստկեցար։

— Դուն ալ ինձի հարցուցի՞ր մի այսօր, որչա՞փ հոգնեցար, փարա վաստկելդ չվաստկելդ ալ ե՞ս պիտի մտմտամ, փարա չես կրնար վաստկիլ նե ինչո՞ւ համար կարգվեցար, ես քուկին ձեռքե՞դ քաշեցի, աղաչեցի՞, որ գաս հետս կարգվիս... թող չկարգվեիր... ինչո՞ւ համար իմ ու զավակներուդ թշվառությանը պատճառ եղար...

— Մի՛ բարկացներ զիս:

— Փարա չես կրնար կոր վաստկիլ եղեր... փարան ալ թե որ ես վաստկիմ նե, տունին գործերը ես նայիմ նե, ան ատեն ի՞նչ պետք պիտի ունենայի քեզի։