Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հոգս հատեր էր․․. ինձի ով մխիթարե պիտի... դուն ինձի մխիթարելու ես, դուն իմին խեղճությանս պատճառ եղար, բոլոր օր աշխատե՛, հոգիդ հանե՛, իրիկվան ալ աղան մխիթարե՛... ույտուրտուք... աս ի՛նչ պելայի հանդիպեցանք... քեշկե չկարգվեի, տունը նստեի։

— Մտքես կըսեի, որ կնիկս դժբախտության կեսը վրան պիտի առնե՛ և ասանկով տերտս քիչ մը պիտի թեթևնա:

— Արդնն բոլոր դժբախտությունն իմ վրաս է, դժբախտություն մալ դուն ես...

— Եվ մինչև որ սա գործերը շտկվին, քիչ մը նեղություն պիտի քաշենք, կըսեի, բայց գործերը շտկվելուն պես հանգիստ կյանք պիտի անցունեինք։

— Անդիի աշխարհը։

— Այս մյուլհազաներով տուն կուգայի... բայց մեր խորհածին հակառակը տեսանք։

— Ես ալ կըսեի, որ էրիկս կանուխ պիտի գա...

— էյ...

— Մեկ ձեռքը միս, մյուս ձեռքը ձուկ, կռնակը հաց, մեկ թևին տակը պտուղ, մյուս թևին տակը գինի... մեկ թևին վրա սիպիր յաղը... մյուս թևին վրա մոտա շապղա մը...

— է՜յ...

— Տունեն ներս պիտի մտնե, զիս քովը պիտի հրամցնե ու պիտի մխիթարե ըսելով «Ի՞նչ ընենք, դուն ալ շատ կը հոգնիս կոր խուշիկս, ամա, առաջ Աստված ես քեզի մեկ երկու պեսլեմե պիտի բռնեմ, երկու աշճի պիտի բերեմ, քիչ մալ ակռադ սղմե՛» ի՞նչ գիտնամ, ասոր պես խոսքեր կ՛սպասեի։

— Կնիկ, իրարու խոսք չպիաի կրնանք հասկնալ։

— Հասկնալ չես ուզեր կոր քի հասկնաս։

— Եվ կարծեմ թե օր մը չէ նե օր մը գլուխս առնեմ պիտի երթամ։

— Ես քեզմե առաջ պիտի երթամ։

— Բայց այն ատեն պիտի գիտնաս խըյմեթս։

— Դուն ալ ան ժամանակ պիտի զգաս կնկանդ արժեքը։

— Պիտի զղջաս։

— Պիտի աղաչես, բայց ստակ չըներ։

— Անոր համար խելքդ գլուխդ ժողվե՛ ու մի՛ փախցներ զիս։

— Դուն ալ իրիկունները կանուխ եկո՛ւր, որ չպոռամ։

— Կանուխ գալը բան մը չէ։