Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Երկարը կարճը աս է, աս գիշեր պալո պիտի տանիմ ես աղջիկներս։

— Ո՛չ, չպիտի տանիս։

— Պիտի տանիմ, որ քիչ մը աշխարհ տեսնեն։ Պատուհանին առջև մի նստիք, փողոցը մելնեք, թեատրո մերթաք, աղջիկներդ թուրշի՞ պիտի դնես։ Հարսնցու աղջիկներ եղած են, թող տուր որ քիչ մը ցցունեն ինքզինքնին, որ մեյ մեկ էրիկ գտնեն։

— Սանկ ըսե, աղջիկներուդ էրիկ գտնելու համար կուզես պալո տանիլ։

— Այո։

— Կարգված կիներն պալոյի մեջ իրենց էրիկը կը թողուն կոր, դուն կերթաս հոն փեսա փնտրելու, խելքդ սիրեմ։ Պալոյի մեջ էրիկ չեն ծախեր, կնիկ, խելքդ գլուխդ ժողվե՛։

— Ես ըրածս շատ աղեկ գիտեմ, արդեն ես փեսացու մը գտած եմ, որ այս գիշեր մեզի պիտի սպասե պալոն։

— Ինչ կըսես։

— Ըսածս կ՚ըսեմ, քեզի սպասելու էինք, որ աղջիկներդ հիսուն տարեկան ըլլան ու վերջը կարգվին։

— Ես ատանկ խայտառակ բաներե չեմ ախորժիր, հասկցա՞ր, հիմա ոտքիս տակը կը ճզմեմ աղջիկս ալ...

— Բարկանալ պետք չէ, ես որոշած եմ ընելիքս, հայտեցե՛ք աղջիկներ։

— Երեսուն տարիե ի վեր սիրով ապրեցանք ու հիմա պալոյի պատճառավ կռի՞վ ընենք, կնիկ... այդ պալոն իճատ ընողն Աստուծմե գտնա...

— Փեսացուս այս գիշեր պալոն պիտի գա և աղջկանս հետ պիտի տեսնվի անոր բնավորությունը հասկնալու համար։

— Մի՛ հավատաք, լիրբին մեկն ըլլալու է այդ։

— Ընդհակառակն, շատ ալ քիպար տղա մ՝է, մեզմե ավելի քիպար է։

— Խոսք չե՞ս հասկնար կոր դուն։

— Շատ ալ աղեկ կը հասկնամ կոր։

— Թող այն երիտասարդը հոս գա, առաջ ես տեսնեմ զինքը, նայիմ որո՞ւ տղան է, ի՞նչ գործ կընե, քանի՞ փարա ունի։

— Պոշ խոսքեր են անոնք, տղան շատ ազնիվ տղա է, աղջիկս ալ կը խենդենա կոր անոր համար։

— Կը խենդենա՞ կոր մի։