Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՌԱՆՑ ՄԻՋՆՈՐԴԻ ՓԵՍԱՑՈԻ ԳՏՆԵԼ

ՏԵՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ ԱՌԱՋԻՆ

Տեսարանն է սրճարանի մը մեջ

— Ի՞նչ լրագիր կը կարդաք, պարոն։

— Ֆար տյու Պոսֆոր։

— Աֆերիմ, տղաս, գաղղիերեն ալ գիտեք։

— Քիչ մը։

— Ձեր անունն ի՞նչ է։

— Երվանդ։

— Որո՞ւ տղան եք։

— Ստեփաննոս աղային։

— Ստեփաննոս աղային, պապա մարդ է, ի՞նչ կ՝ընե Ստեփաննոս աղան, աղեկ է, ռի՞նտ է։

— Աղեկ է, խաթրերնիդ կը հարցնե։

— Ողջ ըլլա։ Ո՞ւր կը Նստիք հիմա։

— Բերա կը նստինք։

— Շատ աղեկ, շատ աղեկ... խահվե մը կառնէ՞ք։

— Շնորհակալ եմ, հիմա խմեցի։

— Հատ մալ, հատ մ՝ալ կ՝աղաչեմ, ես խելքը գլուխը երիտասարդները կը սիրեմ ու կը հարգեմ. ծո՛, խահվե մը բեր։

— Շնորհակալ եմ:

— Ինչ գործով կզբաղիք։

— Գրադրությամբ։

— Պատվավոր գործ, այդ գործին մեջ շատ հառաջ կրնաս երթալ, գրադրությունն վաճառականություն ըսել է։

— Այո՛։

— Միշտ կուգա՞ք այս զբոսարանը։

— Այո՛, գրեթե ամեն իրիկուն, լրագիրներն աչքե կանցունեմ։