Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Ապրիս, ապրիս.․․ տղաս կը ճանչնեա՞ս։

— Չէ...

— Ան ալ քեզի պես լրագիր կը կարդա։

— Աղեկ, մնաք բարով:

— Երթաք բարով։


ՏԵՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ ԵՐԿՐՈՐԴ

Միևնույն սրճարանին մեջ

— Բարի իրիկուն, մյուսու Երվանդ։

— Աստծու բարին։

— Ի՞նչ լուր ունիք նայինք։

— Ոչինչ։

— Լոխում մը կառնե՞ք։

— Չէ՛։

— Կ՝աղաչեմ, առեք, խաթերս համար լոխում մը առեք, սիրտս շատ սիրեր քեզի:

— Ձեր ազնվությունն Է։

— Ծո՛, լոխում մը բե՛ր:

— Շնորհակալ եմ։

— Քեզի պես երիտասարդներ խիստ քիչ են ազգերնուս մեջ, թախըմ մը ճահիլ ճյուհյուլներ օրթան են ինկեր, ճեպերնին փարա մը չունին, կարգվելու կելնեն, ձեզի պես երիտասարդներ կարգվելու են, որ կրթյալ զավակներ հասցունեն ազգին։

— Մենք տահա պզտիկ ենք։

— Քանի՞ տարու եք որ:

— Քսանվեց տարեկան։

— Ճիշտ կարգվելու տարիքն եք, ես քսանը չորսիս մեջ կարգվեցա ու, փառք տրիոջը, շատ գոհ եղա։

— Տարիքեն զատ կարգվելու համար պետք եղած հարստությունն ալ չունինք։

— Հարստությունն ալ ի՞նչ բապուճս է որ․․․ հարստություն.․․ հա, հա, հա, հարստության խոսքը կըլլա, բավական է, որ երիտասարդ եք ու կաշխատիք։ Հարստությո՜ւն, ոչինչ խոսք․․․

— Այնպես, բայց․․․

— Ես քու տեղդ ըլլամ նե վայրկյան մը չեմ սպասեր, համեստ աղջիկ մը կը գտնամ, կառնեմ։ Քեզի ո՞վ աղջիկ չտար: Խոսք տուր ինձի կարգվելու, ես գտնամ քեզի աղջիկ մը։