Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հիմակ ու հիմա կարգվելու միտք չունիմ:

— Ատ ուրիշ խոսք, բայց չկարգվելով աղեկ բան մը ըրած չես ըլլար։

— Մնաք բարով։

— Ի տեսություն։


ՏԵՍԱԿՑՈԻԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ

Միշտ նույն սրճարանին մեջ

— Տակավին այն մտքին վրա՞ ես:

— Այո՛։

— Աչքդ վախեցուցեր են:

— Ամենևին։

— Ինչո՞ւ ուրեմն չես ուզեր կարգվիլ. ամոթ չէ յա. սա քուկին կարգվիլ չուզելդ մերաք եղավ ինձի։ Ամա պիտի ըսես որ քեզի ի՞նչ, ուզեմ նե կը կարգվիմ, չուզեմ նե չեմ կարգվիր. հախ ունիս, բայց ես իբրև զավակ բռնած եմ քեզի և անոր համար թեքլիֆսիզճե կը խոսիմ կոր։

— Շնորհակալ եմ։

— Սա ինչո՞ւ չես ուզեր կոր կարգվիլ, զավակներ ունենալ, զանոնք մեծցնել, անոնց վրա նայելով խնդալ, ուրախանալ, ամուսնության պես աղեկ բա՞ն կա աշխարհիս վրա, մեղք չե՞ս, որ ասանկ ամուրի մնաս։

— Դեռ կանուխ Է ինձի համար։

— Ուշ է պիլե: Հասկցա, կարծեմ չեմ ուզեր ճեպս ձգեի պես բաներ կըսես կոր. կը հասկնամ:

— Ամենևին։

— Հասկցա ես գործը, բայց դարձյալ աֆերիմ, քիպարությանդ մեկ ապացույցն ալ սա է քի, համարձակություն չունիս պիտի կարգվիմ ըսելու, ապրիս տղաս, աֆերիմ, աֆերիմ, Աստված թշնամիին քեզի պես զավակ տա։ Ահ, անանկ ճահիլ ճյուհյուլներ կը ճանչնամ, որ կնիկ կուզեմ տեյի մորերնուն մազերը կը փեթտեն, չամչցածներ։

— Եթե կարգվելու միտք ունենայի բնավ չէի քաշվիր ըսելու, թե պիտի կարգվիմ։

— Հերիք, ես միտքդ հասկցա։ Հրամանքդ ո՞ւր կը գտնվիս վաղը իրիկուն ժամը տասն ու կեսին միջոցները։

— Հոս։ Ի՞նչ պիտի ընեք։

— Կ՛իմանաք։