Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչո՞ւ համար։

— Կեոյա դուն աղջկանս հետ նշանվեր ես եղեր։ Չէ, կ՚ըսեմ կոր նե, կը պահես կոր, կըսեն կոր, աս ի՞նչ մասխարայություն է, ճանըմ, պարե մեջերնիս անանկ խոսք մը անցա՞ծ ըլլար։

— Զարմանալի բան։

— Կեոյա դուն հարյուր հիսուն ոսկի թրախոմա ուզեր ես տե, ես ալ բեք աղեկ, տամ, ըսեր եմ. ինչպես ալ ույտուրմիջ կընեն կոր․․․ ճանըմ, հայտե ըսենք, դուն անանկ միտք մը կունենաս տե, հարյուր հիսուն ոսկի ալ կուզես, ես ալ կուտամ, քեզմե աղեկին պիտի տամ աղջիկս, ատ ուրիշ խնդիր, բայց քիչ շեղած մեկ բանը ելլել տե ասդին անդին խոսիլ, շիտակը ամոթ բան է, մեղք է։

— Ականջ մի՛ կախեր դուն։

— Գիտե՞ս, տուներնիս կուգաս տե, աղջիկնիս կը տեսնաս, ան ալ քեզի կը տեսնա, դուն ան կը հավնիս, ան քեզի կը հավնի, դուն ան հավնելեն ետքը, ան ալ քեզի հավնելեն ետքը, մեկու մը միջոցավ կուզես աղջիկս, ես ալ կուտամ։ Կը տեսնամ որ շատ մեսարիֆ ընելու ատեն չունիս, տուն փեսա կառնեմ քեզի, մեկ երկու հարյուր ոսկի ալ թրախոմա կուտամ, պզտիկ դրամագլուխ մը կը դնես, քանի մը տարի տունի մեսարիֆ չես ըներ, որ քիչ մը սերբիլմիշ ըլլաս, ատոր ըսելիք չունիմ, բայց...

— Մենք մեզի գիտենք, յա, թող անոնք ուզածնին զրուցեն։

— Զրուցեն ամա, աղջիկ զավակ է, տղաս, անոր ալ ականջը կերթա, սեր կուտա քեզի, գիտե՞ս առաջին սերն որչափ վտանգավոր բան է, աղջիկս ձեռքես կելլա...

— Հոգ մըներ, հոգ մըներ։

— Ի՞նչպես հոգ մ՝ըներ։

— Մնաք բարով։

— Ի տեսություն։


ՏԵՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ ՎԵՑԵՐՈՐԴ

Միշտ սրճարանի մեջ

— Ըսածս ելա՞վ յա։

— Ի՞նչ։

— Աղջիկս խնդության մեջ է։

— Աս ի՞նչ խայտառակություն է։

— Չիտեմ, տղաս, չիտեմ, աղջիկս անանկ սեր տված է քեզի, որ չեմ կրնար պատմել։

— էյ, հիմա։