Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հարսը. — Մոր մալ չվայլեր յուր զավկին հետ խստությամբ խոսիլ։

Այրը․ — Անանկ է յա։

Հարսը․ — Կռիվ ընելու պետք չկա։

Կեսուրը․ — Ապրիս, հարսս։

Հարսը․ — Երկուքնիդ ալ տեղերնիդ նստեցե՛ք։

Այրն․ — Ատ ուրիշ։

Հարսը․ — Հիմա ըսեմ ձեզի: Ասանկ ոչինչ բաներու համար կռիվ ընելն ամոթ բան է. տեղը չկա, և որպեսզի անգամ մալ չկրկնվին ասանկ կռիվներ, դյուրին միջոց մը պիտի առաջարկեմ ձեզի, միջոց մոր պարտաճանաչության վրա հիմնված է։ Ի՞նչ մեղքս պահեմ, չվայլեր, որ կեսուրս ամեն իրիկուն հոս գա ու մեր անկողինները շտկե. քեզի ալ չվայլեր, շիտակն աս է. ամեն բան վայելում ունենալու է․ ուստի ես կառաջարկեմ, որ անկողինները գիշեր մը դուն ձգես, գիշեր մը մայրդ։

Այրն. — Գիշե՞ր մը ես, գիշեր մը մա՞յրս մի:

Հարսը․ — Անանկ չէ մի յա... այս գիշեր դուն ձգելու ես:

Կեսուրը կամացուկ մը դուրս կելնե սենյակեն և այրն կսկսի անկողինները ձգել։ Այս միջոցին կինն կը մեղադրե այրն, մորը հետ կռիվ ըրած ըլլալուն համար և քաղաքավարության հակառակ կը գտնե անոր ընթացքը:

Առավոտ կըլլա։

Կեսուրը․ — Սիրելի հարսս, երեկ գիշերվան ըրածդ քիչ մը դպավ ինձի։

Հարսը․ — Դպավ մի... ես քեզի թեր ելա նե։

Կեսուրը. — Ի՞նչպես թեր ելար...

Հարսը. — Չխոսեի նե ամեն գիշեր դուն պիտի ձգեիր անկողինները. աղեկություն ըրե, որ գեշություն տեսնաս, կըսեն նե՝ իրավ է եղեր: Սնտուկներս կառնեմ ես հիմա կերթամ մարս տունը․ ես չեմ կրնար մնալ հոս։

Հարսը մորը տունը կը փոխադրվի։

Երեկո կըլլա:

Այրը տուն կը դառնա:

— Երեկ գիշերվանին ի՛նչ կըսես, մայր։

— Երեկ գիշերվանը բան մը չէ, նորը կա։

— Կորն ի՛նչ է։

— Հարսը մորը տունր գնաց:

Եվ պատճառը կը հայտնե: