Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պետությունն և էրիկ մարդոց տխմարությունը, էրիկ մարդոց որ շատ անգամ կամուսնանան կամ ոսկորի մը հետ — կամ մսի մը հետ — կամ ականջի մը հետ — կամ ոտքի մը հետ — կամ մազի հետ — կամ քթի հետ։

Խնդացե՛ք, վնաս չունի, բայց կը խնդրեմ, որ ուշադրությամբ լսեք ինձ։

Այսօր պիտի ճառեմ ձեզ այն զգուշությանց վրա՝ որովք կզգուշանաք անեղծ պահել ինչ որ գեղեցիկ է ի ձեզ: Չպիտի ջանամ ձեզի հաճելի լինելու, ջանահնար պիտի լինիմ ձեզի օգտակար ըլլալու։ Ուստի, մի՛ բարկանաք, եթե դառն ճշմարտությանց բախիք ճառիս ընթացքին մեջ։ Վստահ եղեք, որ կը սիրեմ զձեզ և ձեր բարվույն համար կաշխատիմ։

Սկսինք ուրեմն։

Կանա՛յք, դուք այնպես կը կարծեք, թե ձեր մեջքը դուռնյուռ կապելու համար միայն ստեղծված եք, թե ձեր մեջքը դուռնյուռ կապելով միայն կրնաք ընկեր և օգնական ըլլալ ձեր ամուսնույն։ Մեծապես կը սխալիք։

Իբր օրինակ առնենք կին մը ձեր մեջեն և քննենք յուր կյանքը։

Այս կինն քաջառողջ է։

Խոսել տանք զինքն յուր ամուսնույն հետ:

— Սիրելիս, վաղը լաթ լվացվի պիտի, լվացարար մը կանչեինք։

— Լվացարար մի՞, լվացարա՞ր մի, ժամանակները գեշ են․ լվացարարի ստակ տալու ժամանակ չէ։

— Շատ աղտոտ ունինք, ճերմակեղեն չունինք հագնելու։

— Դուն լվա՛։

— Ե՞ս լվամ․․․ կը վայլե յա։

— Ինչո՞ւ չվայլեր եղեր։

— Ես չամաշրճի կնիկ չեմ, թող չամաշրճի կնիկ մ՝առնեիր։

Ամուսինն կը մեկնի։ Թափիչը կուգա. հետևյալ օրն և կ՝սկսի լվալ:

— Ամուսինս, այսօր քանի մը դահեկան տուր ինձի, որ կնիկ մը բռնեմ լաթերը փռելու համար։

— Լաթերը փռելու համար ալ կնիկ պիտի բռնենք։

— Ճանըմ, ամեն մարդ ինչպես կը բռնե կոր։ Ես կրնա՞մ չամաշը փռել, կը սևնամ, չինկյանե կը դառնամ նե:

— Փարա չեմ տար ես։