Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գա սերունդը պիտի անմահացնե իմ անունս։ Չկարծեք սակայն, թե անմահանալու համար պիտի պատռեմ այդ դուռնյուռներն, որ ձեր ամեն քայլափոխին կը շարժին մի աջ մի ահյակ։ Ատանկ կեղծ մարմին չեմ ուզեր ես, անանկ շարժուն բան չպիտի ըլլա։ Բայց պիտի անպատվեն զիս և գուցե ինձի համար շատերն ալ պիտի հալածվին։ Ո՜ւմ հոգ․ սիրով հանձն պիտի առնեմ այդ նեղությունները, էրիկ մարդերը գերության դժոխքեն ազատելու համար։

Կախաղան պիտի ելնեմ և պիտի պոռամ E pur si muove։ Այդ դուռնյուռ ըսված բանը պիտի վերնա։


Գ

Գեղեցիկ ունկնդիրներս․

Անհուն բերկրություն զգացի իմանալով ձեր բարկությունն վերջին դասախոսությանս վրա։ Կը վախնայի, որ չպիտի բարկանայիք և դասախոսությունս առանց ազդեցության պիտի մնար։ Ուղղության ճանբուն մեջ մտած է այդ կինն, որ կը բարկանա յուր թերություններն իրեն մատնանիշ ընող անձին դեմ։ Անուղղա է այն կինն, որ պաղ արյամբ և կատարյալ անտարբերությամբ մտիկ կընե յուր պակասություններն իրեն ցույց տվողին խոսքերը։ Կանայք ընդունած են արդեն, ինչ որ կը հերքեն և հերքած են այն, որուն հավանած են։ Պարտություն խոստովանիլը հայտնապես քաջերու գործ է։ Կանայք տկար են, հաղթելով կը հաղթվին և հաղթվելով կը հաղթեն։

Շարունակեցեք ուրեմն մտադիր լինել խորհրդածությանցս, որ նպատակ ունին ձեր երջանկությունն ու բարօրությունն, ձեր ներկային ու ապագային բարելավությունն, ամուսնությանց հավելումն և թեթևությանց բարձումն։

Կանա՛յք։

Առանց հոգվո գեղեցկության ոչինչ է մարմնո գեղեցկությունն:

Միօրինակությունը ձանձրույթ կը պատճառե և հաճախ քուն կը բերե, պեսպիսությունն է, որ հաչույք և զարթումն կը ծնանի։

Մեկ կին մը միօրինակ գեղեցիկ կրնա լինել․ կրնա վարդ մըլլալ, բայց չկրնար միանգամայն մանուշակ, շուշան, շահպրակ, քամեփա և այլն ըլլալ։

Ամեն օր վարդ հոտոտելն ոչինչ հոտոտել է։

Հոգվո գեղեցկությունն է, որ միօրինակ չէ, ամեն օր վերստին կը ծնանի նոր հրապույրներով, նոր թույր կ՝առնու, նոր բույր կը