Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բուրե, երթալով երթալով կը գեղեցկանա, կը հրապուրե, կը դյութե, կը հափշտակե, կը տիրե և կը գահակալե։

Ինչո՞ւ ուրեմն զոհեք հոգվո գեղեցկությունն մարմնույն։ Ինչո՞ւ տկարացներ դուք զձեզ: Ինչո՜ւ, կըսեմ, ձեր ամենեն տկար զենքովն պատերազմիք, հաղթվիք և զիս վշտացունեք, մինչդեռ պատերազմելու հարկին մեջ բնավ չպիտի տեսնեիք զձեզ, եթե ձեր զորավոր զենքով սպառազինվեիք։ Ամենեն ավելի ըմբոստներն և ապստամբներն ծունր պիտի դնեին, երկիր պիտի պագանեին ձեզի և ոչ ոք պիտի ստիպվեր եղջյուր ածել...

Շատ անգամ կը սխալիք դուք, կարծելով թե ձեր ամուսիններն կը զլանան ձեզ հարգանքն, որուն արժանի եք։ Կը մոռնաք դուք, թե կատարելապես կը պակասի ձեզ այն, որուն համար հարգվիլ կուզեք։ Մի միայն մարմնո գեղեցկությամբ թագավորել կուզեք։

Հագեցությունը կը ջնջե անոթությունը։

Անոթությունն փափագն է։

(Կարծես Վիքթոր Հյուկոյի պես կը խոսիմ կոր)։

Գեղեցիկ ունկնդիրներս, ըրեք այնպես, որ ձեր ամուսիններն միշտ անոթի մնան, ձեզմե ստանալու բան մունենան միշտ։ Հագենան և անոթենան։ Անոթությամբ հագենան... հագեցողությամբ նոթի մնան...

Փաթտվեցե՛ք ուրեմն հոգվո գեղեցկության։

Մի՛ խաբվիք այն երիտասարդներեն, որ զձեզ կը շողոքորթեն և զձեզ շողոքորթելով ձեր տանն խաղաղությունը կը խռովեն։ Ուրիշներե շարունակ շողոքորթվելով կը կարծեք, թե չեք հարգվիր ձեր ամուսիններեն։ Կուզեք, որ ձեր ամուսինն ամեն երեկո տուն մտնելուն ձեզի ըսե.

— Ո՛հ, իմ աղվորիկ կնիկս... ոհ, իմ նոնոշիկս... արևուդ մեռնիմ... այսօր որչափ աղվոր ես... ես արժանի չէի քեզի պես աղվոր կնկան մը... գերիդ ըլլամ։

Եվ երբ ամուսին մը թերանա այս արարողության մեջ՝ կսկսիք տունը տակն ու վրա ընել և պոռալ.

— Ի՜նչ ըսեմ ես իմ սև բախտիս, տխուր ճակատագրիս, որ անզգա մարդու մը ձեռք ինկա, եթե ուրիշ ամուսին մունենայի թագուհվո պես կյանք կ՝անցունեի, վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վայ ինձ...

Մի՛ լաք, մի՛ լաք, սրբեցե՛ք ձեր արտասուքն և ուրիշ ատեն առիթ մի տաք ինձ գրել հետևյալ տեսարանները.

— Կնի՛կ, սա կերակուրը բեր ուտենք։

— Հելե նստե քիչ մը։