Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կը սիրեմ Պղատոնը, բայց ավելի կը սիրեմ ճշմարտությունը։

Ձեզմե ոմանք գիտությամբ կամ անգիտությամբ վերոհիշյալ այրասպան կնոջ օրինակին կը հետևին դժբախտաբար։

Տիկնայք, կաղաչեմ, մի՛ բարկանաք և ըսեք ինձ, ի՞նչ է, եթե ոչ այրասպանություն ամուսինն պահանջել ծանրագնի կերպասներ, որոց գնումն մեծ հարված կուտա ամուսնո և սրտին և քսակին։

Եվ ի՞նչ է հագուստը։

Ըստ իս պարզապես կեղև մէ։ Կեղև մը կրնա շատ գեղեցիկ, ինչպես նաև շատ տգեղ ըլլալ, բայց ո՞ր մարդն է այն, որ պտուղ առած ժամանակը անոր կեղևին հավնի։

Խնձորներ կան, տիկիններ, որք շատ անուշ են և շատ տգեղ կեղև ունին։ Այսուամենայնիվ ամեն մարդ ասոնցմե կը գնե և իրավունք ունի, որովհետև կեղևը կը հանե և այնպես կուտե խնձորը: Խնձորի կեղևը սագերն ու բադերն կուտեն, ինչպես նաև սեխինը էշերն... Ա՜խ, սրտես արյուն կերթա, երբ անասնոց սեղանին արժանի մորթի մը կը զոհվին խեղճ ամուսինները։

Տիկիններ, դուք ալ խնձոր եք, նարինջ եք, նուռ եք, վերջապես եք պտուղն, որ ըլլալ կը հաճիք. եթե անուշ եք, թարմ եք, համով հոտով եք, ոչ ոք կարևորություն կուտա ձեր կեղևին, իսկ եթե լեղի եք, փթտած եք և անհամ եք, ոչ ոք կուտե զձեզ, նույնիսկ եթե աշխարհիս գեղեցկագույն կեղևներուն մեջ փաթաթվիք։

Ոչ ոք կը հանձնարարե բարեկամին աղջիկ մը սա բառերով.

«Կարգվեցե՛ք այդ աղջկան հետ, երջանիկ կըլլաք, որովհետև շատ գեղեցիկ հագուստներ ունի»։

Հետևյալ տողերով կին մը հանձնարարված չէ ցարդ.

«Համեստությունն, ազնվությունն, հեզությունն միալուծ կը բերե հանձին յուր շրջազգեստի»։

Ոչ շրջազգեստն, ոչ գլխարկն, ոչ կոշիկն, ոչ ձեռնոցն, ոչ թևնոցն, ոչ գուլպաներն կարող են զմեզ գեղեցկացնել։

Մեծ է մարմին քան ղկեղև:

Գեղեցիկ հոգին պճնամոլ չէ, և այս իրավունք պիտի տար ինձ պնդելու քիչ մը, թե հոգին իգական չէ, եթե անոր անմահության վրա ճառող կրոնավորն այնքան ուժով չգրկեր զայն։

Գեղեցիկ մարմինն ևս կաարոտ չէ մետաքսյա հանդերձներու։

Տգեղ մարմինն ավելի կը տգեղնա, երբ հագուստներն իրմե ավելի գեղեցիկ ըլլան։

Այս ճշմարտությանց առջև չեմ կարող խեղճ էրիկներու դատը չպաշտպանել և ի նպաստ անոնց գոնե տեսարան մը չպարզել։