Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այրն վաճառատան մը մեջ սպասավոր, հավաքիչ, գանձապետ, համարակալ, թղթակիցի պաշտոն կը վարե երեք հարյուր դահեկան ամսականավ։

Կինը մայրաքաղաքիս ամենեն հարուստ սեղանավորին կնոջը պես հագվիլ, շքվիլ կուզե։

Այրն սնտուկեն բավական գումար մը քաշած է ի հաշիվ յուր ապագա ամսականներուն, որպեսզի գոհացում տա կնոջը պահանջմանց։

Կնոջը պահանջումները անսպառ են։

— Այս իրիկուն ալ մոռցա՞ր կոոնս բերելու։

— Գրողը տանի քեզի ալ կոոնղ ալ, խոսք չես հասկնար կոր, ստակ չկա։

— Տեր ողորմյա, կռոնի մալ խո՞սքը կըլլա, քանի՞ ոսկիի բան է։

— Մեր վիճակը չներեր։

— Ինչո՞ւ համար չպիտի ներե։

Այս խոսակցությունն կը կրկնվի գրեթե երկու ամիս:

Այրն չուզեր վերստին ստակ առնել ի հաշիվ յուր ապագա ամսականաց։ Կինը տեսնելով, որ կերպասը չգար, տան գործերը երեսի վրա կը թողու, մինչև իսկ կսկսի կերակուր ալ չեփել: Այրն կը շվարի. խռովութենե չախորժիր, տան պատիվը պահել ստիպված է — այրերուն է միշտ տան պատվույն պահպանությունը — քսան ոսկի ևս կ՝առնե սնտուկեն և կռոնը կը գնե։ Կինը ուրախ է:

— Կնի՜կ, բեր սա կերակուրը։

— Սպասե քիչ մը, սա կռոնս մաքրեմ, փոշի նստած է վրան:

— Կնիկ, սա կոշիկներս բեր։

— Հ՛ամբերե քիչ մը, սա կռոնս կախեմ, հիմա կուգամ։

Երկու ժամ կը տևե կռոնի կախվիլը։

— Կնի՛կ, սա բանթալոնս քիչ մը մաքրե։

— Կեցիր, ճանըմ, կուգամ, սա կռոնիս վրա լաթ մը ծածկեմ:

— Կնի՜կ, խահվե մը բեր։

— Կը բերեմ, սա կռոնս քիչ մը բակված է, ասեղով մը կարեմ կոր։

Չորս ժամ կը տևե։

— Կնիկ, իրիկվան ուտելիք ի՞նչ ունինք։

— Աստուծո տվածեն բան մը կ՝ընենք։

— Ի՞նչ առնեմ։