Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հիմա կըսեմ, սա կռոնս լեքե եղած է․․․

— Գետնին տակն անցնի այդ. կռոնը:

Տան խաղաղությունը նորեն կը խռովի։ Կինն կռոնին հետ է, միշտ, էրկանն երեսն անգամ չի նայիր, սեպե թե շրջազգեստը էրիկն է և էրիկը շրջազգեստը:

Մարդը կը հալի, կը մաշի։ Որո՜ւ հոգ։

Վաճառականն օր մը փողոցը կը հանդիպի յուր սպասավոր հավաքիչ, գանձապահ, համարակալ, թղթակիցին կնոջն, որ փառավորապես հագված էր. հետևյալ օրն անմիջապես սնտուկին հաշիվն ստուգել կուզե. կստուգե և վաթսուն ոսկվո պակաս մը կը ստնե։ Վերահասու կըլլա եղելության և երաշխավորության ներքև առնելով յուր սպասավոր ևայլն—ր, կը ճանբե։

— Կնի՜կ, հավնեցա՞ր ըրածիդ։

— Ի՞նշ կա։

— Ճանբա տվին ինձի:

— Աղեկ որ կռոնս առեր ես... եթե չպնդեի, չպիտի առնեիր։

Տեսա՞ր մի։

— Դուն ես պատճառ վռնտվելուս:

— Ես ինչո՞ւ ըլլամ։

— Կռոնը:

— Չնայիս, բոլոր կռոն հագնողներուն էրիկները կը վռնտվին հեե՜... պարապ խոսքեր։ Աստված ողորմած է, մեկ դուռը կը գոցե ուրիշ դուռ մը կր բանա:

Այրն սաստիկ նեղության մեջ է, առանց կանխավ վճարելու, բրինձի հատիկ մանգամ չկրնար դնել։ Այրն ու կինն ամեն երեկո ձիթապտուղ կուտեն և վախ կա, որ ձիթենվո չփոխարկվին:

Համեստափայլ տիկնայք, ինչ կը խորհիք այս սրիկնոջ ընթացքին վրա։ Դուք ալ այն կարծիքե՞ն եք, թե կին մը նախ հագուստն սիրելու է և ապա այրն։

Չեմ կարծեր, մանավանդ թե մտքես անգամ չեմ անցուներ կարծելը, միայն դժգոհություն կը հայտնեմ այն կնոջմեն, որ իր ամուսնույն վիճակին չուզելով տեղեկանալ, զայն և ինքնին միանգամայն կսպաննե առանց խրատվելու Լաֆոնթենի գորտեն, որուն՛ մահվան պատճառն ալ իմ կարծյոքս կնիկներն ըլլալու են, որք շատ օրինակ տված են անոր, այլոց պես մեծ ըլլալու անմտության մասին։