Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նայք եթե քանի մը վայրկյան ավել ածեն «օրս պարապ չանցուցի» կըսեն ու մինչև երեկո դաշնակ կը զարնեն։

Ներկայացնեմ, եթե չեք վշտանար, այդ դասու վերաբերյալ կին մը։

Այրն տուն կը դառնա երեկոյին։

Կինն անկողնո զգեստով բազմոցին վրա կը քնանա, գլուխը բարձին կռթնցուցած։ Գուլպաներն իսկ անցուցած չէ ոտքը, ոտքն ավելորդ է կարծեմ, որովհետև դլուխն չանցվիր գուլպան, երեսն լվացված չէ, մազերը ցիրուցան են։ Առջևը դրված սեղանին վրա կը տեսնվին պեզիքի թուղթեր, թեյի գավաթներ, մեկ միլիոն սպառած սիկառներ, գնտասեղներ, սկավառակի մը մեջ կարագ, հացի փշրանք, Նորմայի կտորներեն քանի մը ձայնագիրներ, կտոր մապուխտ, քիչ մը թանթելա, Պորտոյի գինվո պարպված շիշ մը, քանի մը կոճակներ, քիչ մը պանիր, էրիկ մարդու բաճկոն մը, Մայտա մը և, կարծեմ, քիչ մալ խավյար:

— Մարգրիտ, Մարգրիտ, կը ձայնե այրն։

— ․․․

— Մարգրիտ, չելլե՞ս, կերակուրի պիտի իջնանք։

Մարգրիտ հորանջելով հազիվ կրնա բանալ աչքերն ու,

— Թող չես տար, որ քնանամ քիչ մը, կըսե։

— Քնանալու ժամանա՞կ է։

— Ժամանակն ի՞նչ է, քունդ գալուն պես կը քնանաս։

— Տեր ողորմյա։

— էրիկ մարդիկ խըյանեթ են վեսալամ, ինչ անուշ անուշ կը քնանայի կոր։

— Ե՛լ, հագվե՛ և սըվոնք ժողվե՛։

— Սպասուհին չէ՞ ժողված... շատ ծույլ կնիկ է սա Անթառամը: Անհոգ կնիկ մէ, հանըմս այսօր հոգնեցավ, քիչ մը կը քնանա կոր, երթամ վերը ժողվեմ, ըսել չկա՞ մի։

— Ի՞նչ գործ կար այսօր։

— Տունին գործը կը լմննա՞ մի.․․ էրիկ մարդիկ չիյտեն որ։

— Ըսե՛, որ գիտնամ։

— Տունի գործ իշտե, սա ժողվեմ, նա տեղավորցնեմ ըսես նե իրիկուն կըլլա, օրերն ալ կարճ են: Կը կարծես, որ մինչև իրիկուն պարապ կը նստինք, այսօր հոգիս ելավ։

— Ի՞նչ ըրիր։

— Ի՞նչ պիտի ընեմ.․․ բաճկոնիդ կոճակները բրդեր էր․․․

— էյ․․․

— Կոճակ ճարեցի։