Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/341

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մարդ ալ չկար տունը... քովի աղջիկներն եկան, քիչ մը պեզիք խաղացինք, բարթին մեկ մեճիտեի։

— Աֆերիմ, աֆերիմ։

— Վռնտելու էի զահեր... ի՞նչ գիտնամ։

— Ելի՛ր կերակուր ուտենք։

— Կերակուր ուտելու սի՞րտ մնաց որ։ Անանկ ալ խավեսով մը կարեցի բաճկոնդ, որ իրիկվան գաս նե՛ աֆերիմ կնիկս ըսես տեյի... վախ, որ խըյեթ չիյտեք։

— Երթանք, ուտենք։

— Դուն գնա՛ կեր, ես սա տեղվանքը ժողվեմ, դիմացինները պիտի գան այս գիշեր։ Հեմ ես քեզի բան մ՝ըսեմ, Անթառամը վռնտելու է, հեմեն ուտե, խմե, պառկի, քնանա, տունին բոլոր գործերը իմ վրաս են, պարապ տեղը ամսական կուտաս կոր. այսօր հոգիս ելավ նե... դո՛ւն գնա կեր... նստիլ չունիմ որ... տունի գործը կը լմննա՞։

Այրն կերթա ընթրելու և բանակռիվը կը վերջանա։

Արի՛ ու Սողոմոնին իրավունք մի՛ տար․ եթե գործունյա կին մը պսակ է էրկանը, ես ալ կըսեմ, թե դանդաղ կին մը փուշ է էրկանը ոտքին։

Աշխատեցե՛ք ուրեմն, օ՜ տիկնայք, ձեր ամուսիններուն գլուխը պճնելու և ոչ ոտքերը։

Ձեր լուսագեղ ես աչք պաչեմ[1],
Ձեր ուռներուն ես հող լիզեմ,
Ո՛վ իմ Հայոց ժիր տիկիններ,
Տիտիկ արեք ի ձեր տեղեր,
Սրտով, հոգվով նայեցեք դուք
Լինել հաճի, հանում հարսնուկ։


Զ

Տիկնա՛յք.

Այսօր պիտի խոսիմ ձեզ հարս և կեսուրի վրա։ Որպես գիտեք, խնդիրք կարծվածին չափ թեթև չէ, ուստի ձեր մասնավոր ուշադրությունը կը հրավիրեմ այս ավուր դասին վրա և կ՝աղաչեմ, որ դասախոսության ժամանակ խելոք նստիք։

Ընդհանրապես ամեն հարս կեսուր կըլլա. բնական է, որ ամեն կեսուր ալ նախ հարս եղած ըլլա, բայց չկա հարս մոր կեսուրեն և կեսուր մ՝որ հարսեն գոհ ըլլա։

  1. Վահան վարդապետն է ըսողը։