Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կը սիրե. նույնպես այն կեսուրն, որ պաղած է յուր զավկեն՝ թող կուտա, որ կրցածին չափ պաշտե յուր կինն, զոր ինքն ալ կը հարգե, որքան չհարգեր նա յուր զավակը։ Նույնպես անհոգ կամ իրենք զիրենք զվարճության տված կեսուրներու և հարսերու մեջ նախանձը գոյություն չունի, վասնզի զբոսանքին և զվարճությանց անձնատուր, ժամանակ չունին, ոչ մին և ոչ մյուսն, հասկնալու համար, թե այրն կի՞նն ավելի կը սիրե, թե մայրը։

Նախանձոտ կեսուրն և հարսը գովելի են ըսի, որովհետև իրենց սիրույն սաստկությունը կապացուցանեն, բայց գովելի չեն, երբ ծայրահեղությանց կը դիմեն։

Գիտեմ լերան պես հարս մոր օր մը կանուխ ելած էր, կրակ շիներ էր, և ամբողջ օրն ամսվան մը լաթ լվացեր էր, լաթերը փռեր էր, երբեմն երբեմն վեր ելնելով և կաթ տալով յուր քառամսյա տղուն։ Խեղճը մոռցած էր ճաշելու, և երեկոյան դեմ գլխու ցավ զգալով գլուխը բարձի վրա կռթնցուցած էր։ Այրը տուն կը դառնա և կը հարցնե, թե ո՛ւր է հարսը։

— Հիմա հոս էր, չգիտեմ ուր գնաց։

Եվ կսկսի գործ տեսնել ինքնիրեն ըսելով.

— Հոգիս ելավ այսօր։

Այրը կերթա կնոջ քով և կը հարցնե, թե ինչո՛ւ կը պառկի։

— Հոգնեցա, գլուխս կը ցավի կոր քիչ մը, կը պատասխանն։

Այրը կաղաչե մայրն, որ տեղ մը շինե հարսին։

— Ի՞նչ ունի որ։

— Գլուխը կը ցավի կոր։

— Բոլոր օր բան չուներ, հիմա՞ բռնեց գլխու ցավը, շատ բան, շատ բան... երթամ սա կերակուրս նայիմ։

— Ինչ որ է, տեղ մը չշինե՞նք։

— Իրար մանցնիր, իրար մանցնիք, բան մը չէ յա, կանցնի, ես ալ իմին կենճությանս անանկ գլխու ցավ մունեի, կենճերուն գլուխը կը ցավի։ Քիչ մը... հելպեթտե կանցնի... սա սեղանը պատրաստեմ։

— Կերևի թե հոգնած է...

— Հոգնա՞ծ, ես կը թողո՞ւմ, որ հարսս հոգնի, բոլոր օր ֆերահ ֆերահ պտըտեցավ, չոճուխին քանի մը կտոր լաթեր կար, անոնք լվաց կարծեմ քի․․․ ես ալ հարսս քեզմե ավելի կը սիրեմ... գործի ելլա նե թող չեմ տար, որ չհոգնի... ինչո՞ւ պիտի հոգնեցնեմ, ես անիկա զավկիս պես կը սիրեմ... երթամ վարը քիչ մը ժողվռտեմ... ատե՞թ է, որ հարսը հոգնի, ի՞նչ ըրավ, որ պիտի հոգնի... ամա