Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջուրին մեջ դնելու է, քանի մը ժամեն կանցնի։ Իրար անցնելու, չվարելու բան մը չկա, նստինք կերակուրնիս ուտենք և երթանք։

— Ո՞ւր։

— Խոսք չտվի՞նք Բեբրոն հանըմին։

— Այս գիշեր չենք երթար, ի՞նչ կըլլա եղեր։

— Ինչո՞ւ չերթանք, ի՞նչ կա, փառք Աստուծո..․ խոսք տվինք, չերթալ կըլլա՞, ամոթ է նե... Ի՞նչ կըսեն մարդուն։

— Այս գիշեր թող մնա։

— Նալլեդ ըլլա... ան ալ գտավ իյնալու օրը սպասեց, սպասեց ու այսօր ինկավ, մախսուս ինկավ, որ չերթանք։

— Խենդեցա՞ր։

— Ինչո՞ւ խենդենամ, շատ ալ խելացի խոսք է ըսածս։

— Այս կնիկը ո՞վ պիտի նայի այս գիշեր։

— Նայելու ի՞նչ ունի որ... երթամ նայիմ անգամ մը։

— Կեսուրոջը քով կերթա։

— Մաշալլահ, բան մալ չունիս... նավզներդ աղեկ են... կարծեմ քիչ մալ վրա ես եկեր... իյնալը յարամիշ է եղեր քեզի, ելիր հացերնիս ուտենք շենք շնորհք։

— Ես չեմ գար, դուք կերեք։

— Դուն չես գար նե մենք ալ չենք ուտեր։

— Կաշխատիմ գալու։

Հարսն էրկանը կերթա։

— Աչքդ լույս... սիրտդ հանգիստ թող ըլլա, կերակուրի պիտի իջնա... սա շապիկդ փոխե, որ երթանք զերե Բեբրոն հանըմին, սիթեմը մտիկ ընելու վախիթ չունիմ։

Կը տեսնեք, օ՛ հարսեր և կեսուրներ, ո՛րքան ծայրահեղությանց կը մղե զձեզ սերը։

Պողոս առաքյալ հարսի և կեսուրի հարաբերությանց վրա բան մը չէ գրած, բայց եթե ողջ ըլլար այսպես պիտի խոսեր, կեսուրնե՞ր, սիրեցե՛ք ձեր հարսերը ձեր զավակներուն պես։

Հարսե՛ր, հնազանդ լերուք ձեր կեսուրներուն, որպես ձեր մայրերուն։

Այո՛, այսպես պիտի խոսեր, բայց դարձյալ մտիկ ընող չպիտի ըլլար, որովհետև ինչ որ շյուղ կը տեսնե մայր մյուր աղջկան աչքին մեջ, գերան կը տեսնե յուր հարսին աչքին մեջ, և այն հատկությունն, զոր առաքինություն կը կարծե աղջիկ մ՝յուր մորը վրա, մոլության կը փոխվի, երբ երևա յուր կեսուրին վրա։

Ի՞նչպես հաշտեցնել ուրեմն հարսը կեսուրին հետ։