Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ի՞նչ ընեմ, պայաղի բաները չեմ սիրեր շիտակը, պատվույս չեմ ձգեր, որ աղախինը դեմս մայմունի պես ձևեր ընե։

Տեսակ մը ultimatum է այս կեսուրին կողմեն, որ ամեն հարաբերություն կը խզե հարսին հետ և սենյակը կը քաշվի։

Հարսն ալ, որ սիրով կսպասեր ultimatum-ի, ուզածին պես կը կառավարե տունը։

Այսպես, հարս և կեսուր բնավ չեն խոսիր իրարու հետ, զի մի ներդաշնակությունն, որ ավրված էր, ավրվի: Ցերեկվան ճաշին ու երեկոյան ընթրիքին ժամանակ միայն պատիվ կունենան իրարու երես տեսնելու:

Երբ այրն մորը սենյակը մտնե և հարցնե անոր թե՝

— Ի՞նչ ըրիք, նայինք, մայր... այսօր ո՞վ եկավ, ո՞վ գնաց։

— Շիտակը չեմ գիտեր, տղաս․․․ հարսը գիտե... ես սենյակես դուրս չեմ ելլեր կոր... ելլամ, ի՞նչ ընեմ, ողջ ըլլա, հարսը հյուրերը կընդունի կոր, անոնց այցելություն կընե կոր:

— Բայց դուն ինչո՞ւ սենյակդ քաշվիս ասանկ... դեռ քառասուն՛ և վեց տարու ես, մա՛յր, դուրս ելիր, պտըտե...

Այրը կնոջը կը հարցնե.

— Մայրս ի՞նչ ունի:

— Տան մալ չունի։

— Այս օրերս քանի մը համար բարկացա՞վ։

— Կը վայլե՞, որ բարկացնենք, մենք գլուխնուս վրա բռնած ենք անիկա։

— Չըլլա՞ որ մեջերնիդ բան մը անցած ըլլա...

— Մտքեդ անցնելն անգամ չվայլեր... ասանկ տուներու մեջ հարս և կեսուրի կռիվ լսվա՞ծ բան Է... բան մը ըսե, որ հարմարի քիչ մը... մենք ամենքնիս ալ կը գուրգուրանք անոր վրա, մեկ խոսքը երկու չըլլար։

Կեսուրը գրեթե շաբաթը հինգ անգամ ազգականաց տունը կերթա։ Ի՞նչ կը խոսի։

— Բարի եկաք, տիկին, ի՞նչպես եք։

— Սանկ, նանկ։

— Հարսերնիդ ի՞նչպես է։

— Գիտցածնուդ պես։

— Ինչո՞ւ համար հետերնիդ չբերիք։

— Նեղվեցա, քիչ մը դուրս ելլեմ ըսի, առի քալեցի, առի քալեցի, հայտե երթանք ըսեմ նե՝ կամ պիտի գա կամ չպիտի գա, ըսի մտքովս, ելա եկա... պզտիկս չէ յա՛, ուզե նե թո՛ղ գա։