Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԱՆՁԱՆԱԿՆԵՐ

Կիրակի ջրերը տնեն դուրս ելա՞ր. առջի քայլափոխիդ գանձանակ մը դեմդ պիտի ելնե. փողոցը դարձա՞ր, երկու հատ ալ հոն պիտի հանդիպիս. եկեղեցի մտա՞ր, գանձանակներեն ուրիշ բան չես տեսներ. դպրոց մտա՞ր, առանց ստակ տալու դուրս չես կրնար ելնել, սրճարան մտա՞ր, գանձանակներեն չես կրնար սուրճդ խմել. գինետուն մտա՞ր, ալ աշխատե, որ գավաթ մը օղի խմես և դուրս ելնես. վասնզի հարյուրը մեկեն վրա կը թափվին։ էյ, ասոնց ձեռքեն ազատելու ճարը — տասնոց մը տալու է — թե որ չունենամ — քսաննոց տուր — ըսենք որ մեկ երկուքին տվի, մյուսերն ի՞նչ ընելու է — անոնց ալ տալու է — ի՞նչ կըսեք, շաբթվան մեջ վաստակածս դանձանա կներո՞ւն տալու է — այո — չտամ նե՝ ի՞նչ կըլլա — չտաս նե վայրենաբար վռնտած կըլլաս, վատ կըլլաս, ան զգա կ՚ըլլաս, անիրավ ես, դպրոցներու և եկեղեցիներու թշնամի ես, ազգատ քաց ես. ես՝ վերջապես ինչ որ չես աս պարագայիս մեջ — էյ, ասիկա իրավո՞ւնք է — իրավունքը հարցնող, փնտրող կա — անանկ է նե՝ ես ալ ասկե վերջը չեմ տար — ատի քու գիտնալու բանդ է. Մեղուին միտքը աս հասկցնել չէ — ի՞նչ է հապա — կարդա և անոր հետ դուն ալ խնդա։

Փողոցե մը կ՚անցնիս, ա՛ռ քեզի գանձանակ պտըտցնող մը որ գանձանակը աչքդ խոթելով կըսե։

— էֆենտիմ, աղքատի համար է։

— Ո՞ր աղքատին համար:

— Գործը ազգային է ճանըմ. սա տեղը աղքատ մը կա պիտի կարգվի տե ստակ չունի խեղճը, աղեկ մարդ մէ. հարսի կողմեն ալ աս շաբթու իրարու վրա խապարներ եկան, մեղք է մարդուն, խայր մը ըրած կ՚ըլլանք...:

Տաս փարա կուտաս կ՛անցնիս։