Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Հարսի և կեսուրի մեջեն, մեղմ կըլլա, և մեղմ վեճերը կրնանք արդարացնել կարծյաց ազատություն անունն տալով անոնց։

Այսօր ալ այսչափ։


Ը

Տիկնայք.

Այս անգամ դասախոսությանս նյութ պիտի ընտրեի զոքանչն ու փեսան, բայց նկատելով, թե հարս ու կեսուրի վերաբերյալ վերջին երկու դասախոսություններս շատ տուներու մեջ կիրքեր հուզած են և վեճերու պատճառ տված են՝ որոշեցի, ես, որ կռվո մարդ չեմ, սպասել, մինչև որ կիրքերը հանդարտին, վեճերը վերջանան, որպեսզի կարենամ զոքանչն ու փեսայի վրա ճառել հանդարտ սրտով։

Տիկնայք, այսօր պիտի խոսիմ ձեզ նյութի մը վրա, որ ոչ նվազ կարևոր է, և չեմ կարծեր, որ իրարու գլուխ պատռելու առիթ ընձեռե ձեզ։

Ժամանակացույցի վրա պիտի ճառեմ։

Ամեն բանի ժամանակը կա, կըսե Ժողովողը։ Ժամանակ խնդալու, ժամանակ լալու, ժամանակ խոսելու, ժամանակ լռելու, ժամանակ քնանալու, ժամանակ արթննալու, ժամանակ աշխատելու, ժամանակ հանգչելու, ժամանակ կտրելու, ժամանակ քակելու կարկտանքը, ժամանակ պառկելու, ժամանակ ելնելու։

Շատ իրավունք ունի Ժողովողն, որուն կարծյաց ոչ միայն հակառակ քվե չեմ տար, այլ նաև բոլոր ուժովս կը համարկերպիմ, և մեր ընտանյաց մեջ տարածելու նպատակավ այս ճշմարտությունն կը կրկնեմ, թե ամեն բանի ժամանակն կա, ժամանակ կռվելու, ժամանակ հաշտվելու, ժամանակ սպասուհին ծեծելու, ժամանակ շոյելու, ժամանակ ամուսինն կործանելու, ժամանակ ամուսինն կանգնելու, ժամանակ ձեր թևերն, ուսերն և կուրծքերն արգո հասարակության ցույց տալու, ժամանակ ձեր թևերն, ուսերն և կուրծքերն արդո հասարակութենեն ծածկելու, ժամանակ պարելու, ժամանակ ուղիղ քալելու, ժամանակ սուտ խոսելու, ժամանակ ճշմարիտ խոսելու, ժամանակ հագվելու, ժամանակ չհագվելու, ժամանակ պճնասեր ըլլալու, ժամանակ պարզասեր ըլլալու, ժամանակ կերակուր եփելու, ժամանակ կերակուրը կատվին կերցնելու, վերջապես ժամանակ ամեն բանի, որպես կըսե Ժողովողը, որպես կըսեմ նաև ես։

Ներեցե՞ր ինձ, ուրեմն, հարցնել ձեզ, օ՛ տիկնայք, թե ունի՛ք դուք ձեր տուներու մեջ մեյ մեկ ժամանակացույց, որուն մեջ նշա-