Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սպասուհին ինքզինքն արդարացուր ըսելով, թե մտքե չեր անցներ, որ օղիի շիշին մեջ կազ լեցուցած ըլլային։

— Դուն անանկ բաներու մի՛ խառնվիր, պոռաց Թորոս աղային մայրը:

Հետո.

— Պզտիկ շիշին մեջ օղի կա, գնա՛ բեր։

Սպասուհին գնաց և շուտ մը դարձավ հայտնելով՝ թե շիշին մեջ արդարև կար քիչ մը օղի, բայց այն օղիով երկու օր առաջ տղուն կռնակը շփեր էին պղպեղով։

— Քոնյաք բերե՜ք ուրեմն, հրամայեց Թորոս աղային մայրը։

— Քոնյաքը բերին։

Թորոս աղան ալ մտավ։

— Կոկորդս էրեցավ, ըսավ, հազալով։

— Սան մը չէ, կանցնի, պատասխաներ Հաբեթ աղան քոնյաք մը խմելով։

Թորոս աղան և հյուրը քանի մը գավաթ քոնյաք խմեցին և տան տիկնոջ հրավերին վրա սրահն ելան, ուր դրված էր սեղանը։

Բազմեցան սեղանը, բայց Թորոս աղային տիկինն, որ նոր ելեր էր, և երկու աղջիկները չէին երևար։

— Տիկի՜ն, պոռաց Թորոս աղան, ձեզի կսպասենք կոր, վար իջեք։

— Գլխարկս կը հանեմ կոր, կուգամ կոր... պոռաց տիկինը վերեն,

Լուսի՛կ, չգա՞ս։

— Պոթինիս կապը կը կապեմ կոր, կուգամ կոր.․․ դուք սկսեցեք ուտելու։

— Աղավնի, ո՞ւր ես։

— Միսոս ությու կընեմ կոր... լմնցա... կուգամ... ինձի մի՛ սպասեք:

Թորոս աղան կը նեղանա, բայց հյուրին առջև չուզեր յուր նեղությունը հայտնել, մանավանդ թե արդարացնել կը ջանա կինն ու աղջիկները ըսելով.

— Մեր տիկինը հագուստները մաքուր պահելու մասին մեկ հատիկ է, փողոցի հագուստները չաղտոտելու համար, տան մեջ ուրիշ հագուստ կը հագնի։ Լուսիկն ալ ըսես նե ճաշակով կը հագվի. անանկ սարսախ աղջիկներեն չէ, աղեկ ալ կը վայլեցնե։ Աղավնիին գալով աշխատասեր աղջիկ մ՝է, վայրկյան մը պարապ չմնար, քա աղջիկ, կըսեմ երբեմն, նստե՛, քիչ մը շունչ ա՛ռ, որո՛ւ կըսես,