Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Մինչև կես օր կը քնանան տիկինն ու աղջիկները։

Երեկոյան տուն կը դառնա Թորոս աղան, կառանձնանա կնոջը հետ և կսկսի դիտողությանց։

— Ի՞նչ էր երեկ գիշերվան խայտառակությունը, խաղք եղա հյուրին առջև...

— Խաղք ըլլալու ի՞նչ կա։

— Հյուրի սենյակը տակն ու վրա էր․․․

— Իմացա, կավլեր կոր, ուրիշ գործ ելավ, անանկ ձգեց... խաղք ըլլալու բան չկա ասոր մեջ։

— Բյուրկաթիվի շիշով օղի բերին։

— Ի՞նչ վնաս ունի եղեր, հինտ յաղի կար օղիի շիշին մեջ, անոր մեջը դրեր են։

— Աղեկ ա, ինթիքանի մեջ լեցնեիք գոնե և անով հրամցնեիք։

— Կենե մի՛ պաշլայեր, Աստվածդ սիրես։

— Բերածնին գոնե օղի ըլլար, կազ բերին, կազ․․.

— էյ, սխալմունք է, ամեն տունի մեջ կըլլա, պյություն պարապ խոսքեր են ասոնք։

— Այնուհետև կերակուրի կսպասենք, չեք գար։

— Գործ ունեինք.․․ կերե՛ք, կըսենք կոր ձեզի, ինչո՞ւ կսպասեք... մենք ալ անոթի չմնացինք ա՛, մենք ալ կեցանք․․. ասանկ պարապ բաներու համար բարկանալու սիրտ ալ ունիս, կը զարմանամ։

— Խահվեի սպասեցինք, չեկաք։

— Կերակուր կուտեինք կոր։

— Պառկեցե՛ք, կըսեմ, չեք պառկիր։

— Խահվե կը խմեինք կոր։

— Արթնցեր կըսեմ, չեք արթննար։

— Կը պառկեինք կոր։

— Շատ աղեկ, իրավունք ունիք։

— Դուք իրավունք ունիք, դուք... հանցավորը միշտ մենք ենք։

— Խաղք ու խայտառակ եղա։

— Բան մալ չեղար...

— Գոնե հյուրը պատվելու համար, պարտավոր էիք սեղանը նստիլ։

— Մեյ մալ ո՞վ պիտի տեսնե անոր երեսը, հողս հատեր է։

— Կերակուրի ժամանակ ությո՞ւ կըլլա, կերակուրի ժամանակ շրջազգեստ բրովա՞ կըլլա, կերակուրի ժամանակ հագվի՞լ կըլլա։

— Ամեն օր չէ ա՛, տարին անգամ մը պատահեր է։