Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մեյ մալ չեմ ուզեր, որ ասանկ անվայել բաներ ըլլան։

Թորոս աղան միևնույն դիտողություններ կընե նաև աղջիկներուն, որ կը խոստանան ուրիշ անգամ չգտնել նմանօրինակ թերությանց մեջ։

Տարակույս չկա, թե երբ ամեն գործ ժամանակին կատարվի, ասանկ անտեղությանց տեղի չտրվիր։ Ամեն Էրիկ մարդ ունի իր ժամանակացույցը իրենց վաճառատանը մեջ, որպես ամեն պզտիկ աղա վարժարանին մեջ, յուրաքանչյուր կինն ալ ուրեմն ունենալու Է իր ժամանակացույցը, որովհետև, ինչպես ըսինք, ամեն բանի ժամանակը կա․ պզտիկ խոտորում մը մեծ խոտորումներու կը տանի զմեզ։ Չմոռնանք հիշելու, թե ինչպես որ խնդալու ժամանակը կա, լալու ժամանակը կա, այնպես ալ հինտ յաղիի շիշը կա, օղիի շիշը կա և կազի շիշը կա։ Ժամանակացույցին քովը կանայք պարտավոր են կախել նաև մեյ մեկ շիշացույց, որովհետև ամեն բանին տեղն ալ կա, թեև Ժողովողն այս մասին լռությամբ անցած Է։


Թ

Զոքանչն ու փեսան։

Ավազիկ, տիկնայք, այս ավուր դասախոսությանս նյութը։

Պիտի ջանամ, որքան կարելի է, զգուշանալ ձեր փափուկ սիրտերը վիրավորելե, բայց մի կարծեր, թե պիտի խայթեմ ճշմարտության փափկագույն սիրտը․ ճշմարտութեան՝ զոր կը հարգեմ, որքան կը հարգեմ գեղեցիկ սեռը․ ճշմարտության՝ որ ձեր սեռին կը պատկանի, որ ձեր սեռին պատկանելուն համար գեղեցիկ Է, որ գեղեցիկ ըլլալուն պատճառավ հարգելի Է, սիրելի Է, պաշտելի Է։

Տիկնա՛յք․

Փեսա մը պարտավոր Է կամ հարուստ ըլլալ, կամ փեսայութենե հրաժարիլ։ Ի բաց առնելով բացառությունները, ընդհանրապես կը սիրվին փեսաները, ցորչափ բարեկեցիկ վիճակ մունենան։ Փեսաներն կը հարգվին իրենց ոսկիներուն թվույն համեմատ։ Հարուստ փեսաներն աշխարհիս ազնվականագույն անձնավորություններ կերևին իրենց զոքանչներուն աչքին։ Ոսկվո՝ տգեղություններ, տձևություններ ծածկելու հատկությունն հարուստ փեսաներու վրա դիտեցեք, կը խնդրեմ, եթե ժամանակ ունենաք։ Հարուստ փեսա վերջապես, պարծանք Է զոքանչին, մանավանդ այն զոքանչին, որ բացի հարուստ փեսայե մը ոչինչ ունի պարծենալու։ Այս կարգի զոքանչ մը, այսինքն մանավանդյալ զոքանչ մը, հարուստ կամ բարձրաստիճան անձի մը քով եթե գտնվի՝ բնավ առիթ չփախցներ