Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յուր փեսան բարձրացնելու։ Ըսենք թե այդ հարուստ անձը սովորություն ունի կաթով թեյ խմել ամեն առավոտ. իմ փեսաս ալ, կըսե մանավանդյալ զոքանչը, կաթով թեյ կը խմե ամեն առտու։ Դիցուք թե այդ բարձրաստիճան անձն ամիսն անգամ մը կտրելու տա յուր մազերն. մեր Էֆենտին ալ, կըսե, բնավ չախորժիր երկար մազերեն, եղբայր ըլլայիք բնավորությամբ այսչափ չէիք նմաներ իրարու։

Ենթադրենք, թե այդ մեծ մարդն ընթրիքեն առաջ գավաթ մօղի խմելու վարժված Է. ճիշտ իմ փեսիս պես, կըսե, մինչև որ գավաթ մօղի չխմե՝ սեղան չնստիք իրիկունները։ Իսկ երբ միջին աստիճանի մարդու մը քով գտնվի և տեսնե, թե այդ մարդն ալ կաթով թեյ կը խմե՝ իմ փեսաս, կըսե, կաթով թեյ չկրնար խմել, ստամոքսը շատ փափուկ Է։ Եթե այդ մարդուն մազերն կարճ են՝ իմ փեսաս, կըսե, կարճ մազերեն չախորժիր։ Վա՜յ այն մարդուն ալ, եթե ընթրիքեն առաջ գավաթ մօղի կը խմե. իմ փեսաս, կ՛ըսե օղի չդներ բերանը, կերակուրեն ետքը քոնյաք մը կը խմե, քոնյաք մորուն շիշը կարծեմ քսան ֆրանք Է։

Միշտ ի բաց առնելով բացառությունները, ընդհանրապես չեն սիրվիր այն փեսաներն, որ մեծ դժվարությամբ կը հայթայթեն իրենց ավուր պարենը։ Գինով են ասոնք, ծույլ են, անհոգ են, կռվասեր են, տգետ են, էշ են, ավանակ են, և, վերջապես, են ինչ որ կընծայվի այն մարդուն, որ ոսկի չունի։ Աղքատ փեսա մը ստորին դասու արարած մէ ու նախատինք է զոքանչին, մանավանդ այն զոքանչին, որ հույս ուներ յուր փեսայովն միայն պարծենալ։ Ասանկ զոքանչ մը, այս է մանավանդյալը, առիթներ կստեղծե փեսան բամբասելու համար։ Երբ քիչ մը գինովության, անգործության, աղքատության վրա խոսվի՝ մեկն ալ իմ փեսաս չէ՞ մի, կըսե, ամեն իրիկուն խմելով տուն կը դառնա, անհոգ է, գործի ետևե չէ, տգետ է, ձեռքեն բան մը չգար, «Տվե՞ք, ուտեմ, ծածկեցե՛ք, քնանամ, հսկեցեք, որ հոգիս չիլլայ»-ի գործն է, բարով խերով դեմերնիս չելլար։

Փեսաները, ըսինք, կը հարգվին իրենց ոսկիներուն թվույն համեմատ. օրինակ մը տանք։

Երևակայեցեք զոքանչ մոր ունենա չորս փեսաներ միևնույն բնավորությամբ, բայց իրարմե մեյմեկ աստիճան ավելի հարուստ։ Ա՛րդ, այս զոքանչն առաջին աստիճանի փեսան ընդունելու համար ոտքի կելնե. երկրորդն ընդունելու համար ոտքի ելնել կը պատրաստվի. երրորդն ընդունելու համար կռնակի վրա ցավ կզգա,