Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ճարդ կը հատնի, կը բարկանաս գրպանեդ հարյուր փարա կը հանես և գանձանակին տասնական փար. ձգելով կըսես.

— Առ տասը փարա առնելիք կնկան համար, առ տասը փարա ըլլալիք տղուն մկրտության համար, առ տասը փարա ալ ըլլալիք տղուն թաղման համար, առ տասը փարա ալ առնելիք կնկան թաղման համար, ահա տասը փարա առնելիք երրորդ կնկան համար, տասը փարա ալ աս կնիկեն ունենալիք տղուն մկրտության համար, տասը փարա ալ դարձյալ աս տղուն թաղմանը համար, տասը փարա ալ կնկան թաղման համար։ Երեք անգամեն ավելի կարգվիլ չկրնար ըլլալ յա (կեոյա) ահա տասը փարա ալ իր թաղման համար։ Ըսելիք մը ունի՞ս դեռ։

— Չէ Էֆենտիմ, ողջ ըլլաս։


Բարեկամի մը հետ ծովափնյա սրճարանի մը մեջ կը նստիս, գանձանակ մը կուգա:

— Ո՞ր դպրոցին համար Է։

— Էֆենտիմ, դպրոց մը կա, որ տարի մը առաջ շինեցին։

— Է՜յ։

— Հիմա անիկա պիտի կործանեն, իշտե ան դպրոցին կործանման համար։

Քսաննոց մը կը նետես։

— Աստված ընդունի։


Շոգենավի մեջ ես. գանձանակ ի ձեռին մեկը կ՝ելնե առջևդ։

— Հիվանդանոցի խղճալյաց համար Է։

— Չէ, էֆենտիմ. մեր թաղը խաթունին մեկը առջի գիշեր էրկանը հետ կռիվ է ըրեր, սիրտը դող է ելեր, կը մարի եղեր, չմեռնի տեյի բժիշկ բերել տան պիտի, ստակ չունին։

Տասը փարա կը ձգես։

— Աստված ընդունելի արասցե:


Եկեղեցիի մը առջևեն կանցնիս մարդ մը դիմացդ կը տնկվի։

— Ի՞նչ կուզես: