Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ի՞նչ կուզես կոր հիմա աղջիկա կը պոռա կինը հուզված, թևը փրցուցիր նե... վա՜խ ճիյերս... վա՜խ աղջիկս։

Եվ կերթա աղջիկը գրկելու։

Հետո կը շարունակե.

— Ի՜նչ խըյանեթ մարդ ես եղեր․․․ թևը ցավցուցիր նե․․․ ասանկ անգթաբար քաշել կըլլա մի... և ի՜նչ հանցանք ըրավ, որ անանկ քաշեցիր, քաշքշեցիր աղջիկս․․. մի՛ լար, աղջիկս․․․ մի լար, Հայկանուշս․․․

Մայրը կը հուզվի... կը ջանա արտասուքը զսպել, բայց չհաջողիր. աչքերը կը թրջվին արտասուքով։ Կուրծքին վրա կը սեղմե աղջիկն, կը համբուրե անոր թաց աչքերը և ձեռքով կը շտկե մազերը։

— Կնիկ չեն մի, ամենքն ալ անմիտ են, կըսե այրը, եթե չբարկանաս՝ կը բարկանան, թե ինչու չես բարկանար եթե բարկանաս կը բարկանան, թե ինչու կը բարկանաս։

— Էրիկ մարդիկ են անմիտները, էրիկ մարդիկ... տղան հանցանք մը ընե նե՝ պատմելու է, կայնած տեղը անանկ ուժով թևեն կը քաշե՞ն մի... վա՜խ, խուշիկս, վախ...

— Քանի մը հատ զարկ, ըսիր նե։

— Ըսի նե այն ատեն զարնելու էիր... քանի մը հատ զարկ ըսի տեյի, զահեր ամեն օր պիտի գայիր ու քանի մը հատ պիտի զարնեիր... գնա բանդ, Աստվածդ սիրես... Հայկանուշս, քեզի կեռաս առնե՞մ, աղջիկս...

— Ասանկ երես կուտաք... վերջը...

— Վա՜խ, յավրուս, վախ...

— Չեն սեպեր նե...

— Վա՜խ, հրեշտակս, անմեղ գառնուկս...

— Կըսեր, որ չեն սեպեր կոր։

— Ճիյերս, իմին աղվորիկ աղջիկս... ես աղջկանս աղվոր ֆիստան մը պիտի շինեմ, քափելո պիտի առնեմ, սկարբին պիտի առնեմ, մանթո պիտի ձևել տամ... հա՜ա աղջիկս։

— Հա՛, կըսե Հայկանուշը։

— Իմ աղվորիկ աղջիկս։

— Հա... հա... հայ... րիկը առնե...

Հայրը կզգացվի․ կերթա աղջիկը համբուրելու։

— Անանկ ուժով քաշե՛, վերջն ալ պագ... հապա թևը ցավցունեիր նե...

— Բան մը չեղավ ա՛ ... իմ նոնոշիկ աղջիկս։