Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Երես մի՛ տար դարձյալ, վա՜խ աղջիկս... թևե՞դ քաշեց, հայրդ։

— Դուն ալ կուտաս կոր երես... գիրկս եկուր աղջիկս։

— Ես չեմ տար կոր... իմ աղջիկս խելոք է... հա՞ աղջիկս.․․ իմ աղջիկս երես չառներ։

— Իմ գիրկս եկուր, Հայկանուշ։

Հայրը կը ղրկե աղջիկը։

Հետո.

— Թևդ ցավցուցի՞, աղջիկս։

Հայկանուշ գլխովը կը հայտնե թե, ոչ։

— Ինչո՞ւ թևդ ցավցուցի՞ կըսես... ասանկ կրթություն չտրվիր տղայոց։

— Իրավունք ունիս... բայց երես չտալն ալ չըլլար կոր... ի՞նչ գիտնամ։

— է... հա՛ իրավունք ունիս... ես ալ երբեմն, երբեմն կուտամ կոր... բայց աշխատելու է որ...

— Դպրոցին մեջ կը կրթվի հետո։

— Իրավ է... տուր ինձի, որ մազերը սանտրեմ։

— Մայրիկը, Հայկանուշիս մազերը սանտրե նայիմ։

Հայկանուշը կը հնազանդի, կերթա յուր մորն առջևը կը նստի և թույլ կուտա սանտրվիլ մորմեն։

— Տե՛ս, ինչ խելոք կը նստի իմ աղջիկս, կ՝ըսե հայրը։

— Իմ աղջիկս գառնուկ է, կ՝ավելցնե մայրը։

— Քիչ մառաջ լացողն, չար Հայկանուշն էր։

— Այո՛, ուրիշ Հայկանուշ մէր անիկա։

— Իմ աղջիկս չլար։

— Ի՜նչ ալ աղվոր կըլլա կոր։

— Ապրիս, աղջիկս, ապրիս... օրհնյալ է Աստված, վերջացուցինք խնդիրը... պարապ տեղ իրարու ծանր խոսքեր ըրինք։

— Ի՞նչ ծանր խոսքեր ըրինք, դո՛ւն ալ... տուն ըլլա, խոսք. չըլլա... ասանկ բաներ վնաս չունի... իրարու աչք չհանեցինք ա՛։

— Նախաճաշս պատրա՞ստ է։

— Այո՛, ներսն է։

Այրը կերթա նախաճաշը կընե և հետո ներս մտնելով.

— Ըսելիք մունի՞ք։

— Ոչ, իրիկունը կողով մը ելակ բեր։

— Լավ։