Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՌԱՋԻՆ ԵՂԲԱՅՐԸ

Ամոթ չէ՞։ Վախ, վախ, վախ...


ԵՐԿՐՈՐԴ ԵՂԲԱՅՐԸ

Մեղք, մեղք, մեղք։


ԱՌԱՋԻՆ ԵՂԲԱՅՐԸ

Վաղը պետք է որ բաժնվինք։


ԵՐԿՐՈՐԴ ԵՂԲԱՅՐԸ

Այո՛, ես ուրիշ տուն մը կը բռնեմ։

Եվ իրոք շաբաթե մը հետո կը բաժնվին։

Ա՜հ, սիրելի ամուսինս, կըսե երկրորդներն յուր էրկանը, գետնին տակն անցնի ան ներս, որ քեզի ծախքի տակ խոթեց։ Ի՞նչ կըլլար, կըսեր, առաջին ներն յուր ամուսնույն, եթե ներս սիրով երթար հետս և երկու տեղ ծախք չըլլար. Աստուծմե գտնա, հիմա քեզի ալ դժվար եղավ, եղբորդ ալ։ Մեղք ստակներուն։

Ամիս մը հետո երկու ներեր փողոցի մեջ իրարու կը հանդիպին, կը գրկեն զիրար և կը համբուրեն։

— Խըյանեթ, ինչո՞ւ չես գար օր մը, կըսե երկրորդ ները։

— Պիտի գամ, դուք ալ հրամմեցե՛ք:

— էֆենտին ի՞նչպես է։

— Շատ աղեկ է։ Ձերի՞նը։

— Աղեկ է։

— Բարև ըրե՜ք։

— Դուք ալ ըրեք։

— Բայց հրամմեցեք օր մը, չիյտեք որչափ կարոտցած եմ ձեզի... պզտիկները ինտո՞ր են։

— Աղեկ են։

— Վախ յավրուներս։

— Քուկիննե՞րդ։

— Կը խաղան։

— Վախ հրեշտակներս։

— Պզտիկներուն երեսներեն պագ, ինձի համար։

— Դուն ալ պագ իմ կողմես։

Հետևություն.

Երկու ներեր զիրար կը խածնեն, երբ մեկտեղ ապրին, զիրար կը համբուրեն, երբ իրարմե հեռու ապրին։

Ասոր գաղտնիքը կրթության պակասության մեջ փնտրեցին ոմանք, բայց հոն ալ չկրցին գտնել։