Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԺԲ

— Սիրելի եղբայրս, ինչո՞ւ կերկարաձգես հարսնիքդ, ե՞րբ պիտի բերես հարսը․․․ ա՜խ․․․ չես գիտեր, որքան կը սիրեմ զինքը, եթե հոս ըլլար հիմա, կր շոյեի, կը գգվեի, կը գրկեի, կուրծքիս վրա կը սխմեի, հետը կը խոսեի, կը խնդայի, կը պտըտեի․․․

— Քիչ մալ համբերե՛, սիրելի քույրս։

— Աս ի՞նչ անուշ բան է եղեր հարսը, մտքես չէր անցներ բնավ, որ այսչափ պիտի սիրեի զինքը։

— Շնորհակալ եմ, սիրելի քույրս, ազնիվ զգացումներեդ։

— Շնորհակալություն չեմ ուզեր, հարսս կուզեմ։

— Կը բերեմ հարսդ։

Ամիսե մը հետո կը կատարվի հարսանեկան հանդեսը։

Շաբաթներ կանցնին և տալն ու հարսը սերտ սիրով կապված են իրարու հետ, ամեն առավոտ զիրար կը համբուրեն, ամեն գիշեր գրկախառնութենե մը հետո կը բաժնվին իրարմե, էրիկ կնիկ են կարծես, ա՜յնքան կը սիրեն մեկզմեկ։ Եթե հարսին քիչ մը գլուխը ցավի՛ տալոջն ախորժակը կը գոցվի, եթե տալն փորի թեթև ցավ մունենա՝ հարսը չգար սեղան նստելու։ Երկուքը միշտ քովե քով կը նստին կերակուրի սեղանին առջև։ Ամեն օր մեկտեղ կը նախաճաշեն խոսելով, խնդալով և իրարու անմեղ կատակներ ընելով։ Եթե հարսը մեկ ժամ ասեղնագործե, յուր առջև արձանացյալ կը տեսնե տալն, որ կըսե իրեն․

— Հոգիս, հերիք աշխատեցար, գլուխդ շատ ծռեցիր, հարբուխ պիտի ըլլաս, մեղք չե՞ս, քիչ մալ վաղը աշխատե՛։

Նույնպես տալը կես ժամ ավելի չկրնար աշխատիլ գլխարկին ծաղիկները շտկելու համար, կարգիլվի հարսեն, որ կաղաչե զինքն վաղվան ձգել աշխատությանն մեկ մասը։

— Սիրուն տալս, ատ որքան աչքի լույս թափեցիր, քիչ մալ հոգնություն առ․․․ կամաց կամաց թող ըլլա․․․ վաղը ես ալ կօգնեմ քեզի և շուտ մը կը լմնցնենք։

— Լեզո՜ւդ սիրեմ, հոգիս․․․ ուրեմն պարտեզ իջնանք քիչ մը պտըտինք։

— Երթանք։

Հարս և տալ թև թևի, ցատկելով պարտեզ կը վազեն, կը շրջին հոն, հետո գույնզգույն ծաղիկներ կը քաղեն և պզտիկ փունջեր կը կապեն։ Քիչ մը ծաղիկներուն գեղեցկությանը վրա կը խոսին և ետքը, վարպետ քրոնիկագիրներ, իրենց գեղեցկությանը կանցնին։