Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տալը հարսին քիթը կը շողոքորթե, հարսը տալոջը շրթանցը վրա կզմայլի, սա նորա սևորակ աչքերը կը ներբողե, նա սորա երկար ու խարտյաշ մազերուն վրա կը հիանա, ա՜խ, կըսե հարսը, բոլոր ունեցածս կուտայի, եթե քու բարակ մեջքդ ունենայի, ա՜խ, կը կրկնե տալը, կյանքս կուտայի քու փոքրիկ ոտքերդ ունենալու համար։

Եվ խոսակցությունը կը շարունակվի։

— Իմ ոտքերս այդքան պզտի՞կ են։

— Քու ոտքերուդ նմանը չկա, քու ոտքերդ աննման են։

(Կը հավատամ, որովհետև. շատ հետևոդներ ունին)։

— Հապա քուկին մե՞ջքդ։

— Ի՞նչ.․․ իմին մեջքս բարա՞կ կը սեպվի։

— Սքանչեչի մեջք մը։

— Աղվոր մեջք ունենալս այսօր կիմանամ․․․ բայց մեջքեն ի՞նչ կըլլա։

— Մեջքն ամենեն ազգու և զորավոր միջոց մէ երիտասարդաց նայվածքը հրավիրելու համար։

— Ոչ, էրիկ մարդիկ պզտիկ ոտքերու համար կը խենթենան։

— Բարակ մեջքերը չե՞ն սիրեր:

— Չեն սիրեր, հապա։

— Պարապ խոսքեր։

— Վերջապես դուն իզմե աղվոր ես։

— Կը մերժեմ։

— Ամեն աղվորներ ասանկ կըսեն։

— Թողունք այս խոսքերը․․․ քեզի հետ մեյ մեկ խահվե խմենք, սիրուն հարս։

— Խմենք։

— Երթամ, եփեմ, բերեմ։

— Ոչ, ես կերթամ կը բերեմ։

— Չըլլար։

— Կը բարկանամ։

— Մեկտեղ եփենք ու խմենք ուրեմն։

— Շատ լավ։

Հարս ու տալ ձեռք ձեռքի ներս կը վազեն, կեփեն խահվեն, և վերստին պարտեզ կիջնան, կը նստին և կը խմեն իրենց խահվեն, միշտ խոսելով, խնդալով։ Այս ատենական գործողությունը կը լմննա և խոսակցությունը կսկսի ուրիշ նյութի մը վրա, հագուստի վրա։ Կը խորհրդակցին և դաշն կը դնեն, որ այնուհետև