Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չբարկանաս սակայն։ Աս քուկին կնիկդ ձեռքերը ջուր բնավ, ամենևին չաշխատիք, ես ալ չեմ ուզեր, որ աշխատի, թո՛ղ չհոգնի, հարսս է, չհոգնի, բայց գոնե անուշ լեզու մունենա. լեզուս բռնվի, թե որ բամբասանք ընելու համար կըսեմ կոր նե։ Ըսենք, թե բնավորությունն ասանկ է, անուշ լեզու չունի, որովհետև կան մարդիկ, որ սիրտերնին բարի է, բայց անուշ լեզու չունին, գոնե բարի սիրտ մունենա, ան ալ չունի. քեզի ասանկ խոսքեր ընել չեմ ուզեր ամա, սիրտս կերի, չեմ կրնար դիմանալ ու կըսեմ։ Ան ալ մեկդի թողունք, թող բարի սիրտ չունենա, արդեն ամենքնիս ալ բարեսիրտ չենք կրնար ըլլալ ա, բարի սիրտերը մատի վրա կը համրվին այսօր, գեթ հնազանգություն մունենա, զղջացա այս խոսքերը քեզի բանալուս, բայց անգամ մը բացի և պետք է, որ շարունակեմ։ Հնազանդություն ըսված բանը բնավ չգիտեր կոր, իմ վրաս իշխել կուզե կոր․ թող իշխե, եղբորս սիրույն համար աս ալ ընդունիմ, բայց թափթփածություն մունի, որ դիմանալու բան չէ, դու ելիր Բերա գնա՛, չիյտեմ ինչ առնելու, ժամացույցդ գողցնել տուր և ապուշ ապուշ ետ դարձիր...

Եղբայրն, որ, հանդարտությամբ մտիկ կըներ քույրն և անոր արտասանած խոսքերը մտքին մեջ արձանագրել կը թվեր, մեկեն ի մեկ հուզվեցավ, երբ լսեց, թե ժամացույցն գողցված էր. կան գնեցավ և

— Կատա՞կ կընես, հարցուց քրոջը զարմացմամբ։

— Ի՞նչպես կատակ, իմացա նե սրտես արյուն վազեց, կատակն ալ խո՞սք է։

— Ես Կը հասկնամ գործը։

Եվ բարկությամբ կը մտնե յուր սենյակն, ուր կր գըտնվեր կինն.

— Տիկի՞ն, ժամացույցդ ո՞ւր է։

— Շուտ մը ականջդ դրի՞ն։

— Ժամացույցդ ի՞նչ ըրիր, տիկին։

— Արդյոք ուրիշ ի՞նչ բաներ ալ ըսին։

— Տիկի՞ն, իրա՞վ է, որ ժամացույցդ գողցացած ըլլաս։

— Իրավ է, վրայես առեր են։

— Աս ի՞նչ ապուշություն է։

— Ամեն ատեն չէ ա՛, չիյտեմ ինչպես գողցուցեր եմ։

— Քսան ոսկիի ժամացույց էր․․․

Տալը ներս կը մտնե և.

— Ի՞նչ կա, ինչո՞ւ կը պոռաք, կըսե։