Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Չգիտցածի պես ալ կը հարցնես, կը պատասխանե հարսը..․ ժամացույցս գողցուցի, անոր համար կը պոռանք։

— Գողցուցիր նե գողցուցիր, ընենք, մեռնելու չենք ա՛, եղբայրս ողջ ըլլա, ուրիշ մը կառնն... ես ալ կարծեցի, թե ուրիշ դժբախտություն մը...

— Ուրիշ մ՝առնեմ... ի՞նչ դյուրին է առնելը։

— Աստված ողորմած է, ժամացույցի մը համար կնոջդ երեսը պոռալ կը վայլե՞, տեր ողորմյա։

— Ո՞ւր գողցուցիր։

— Բերա գնացի ու...

— Ի՞նչպես գողցուցիր...

— Գլխարկ մը կապել տվի...

— Ո՞վ գողցավ...

— Ի՞նչ գիտնամ։

— Գոցեցե՛ք ալ խոսքը, կ՝ըսե տալն ու եղբայրն վար կը տանի։

Երկու օր ետքն տալն եղբորն հետ վերստին կը խոսակցեր.

— Սիրելի եղբայրս, քեզի բան մը պիտի ըսեմ, բայց խոսք տուր, որ չպիտի բարկանաս։

— Չեմ բարկանար։

— Պիտի աղաչեմ քեզի, որ սպասուհի մը բռնես. որովհետև մինակս չեմ կրնար հասնիլ. հարսն ըսես նե, ի՞նչ ընե, ան ալ չկրնար կոր աշխատիլ, հիմակվան հարսերն արդեն գործ չեն տեսներ, իրենց սենյակը միայն կը շտկեն, կը հագվին և կը նստին, կամ գիրք կը կարդան կամ նորավեպ կը գրեն կամ դաշնակ կը զարնեն, դպրոցներու մեջ ասոնք միայն կը սորվին կոր, ես իմ հարսես գոհ եմ, ուսյալ հարս մէ, բայց դաշնակահար ձեռները սոխ չեն կրնար ստըկել, դաշնակն ալ չուտվիր, որ իրիկունները սեղանի վրա դնենք։

— Սպասուհի բռնելու ժամանակը չէ։

— Ժամանակ չէ, բայց ես ալ չեմ կրնար աշխատիլ, ահա քեզի բացե ի բաց ըսեմ։

— Ես կը խոսիմ կնոջս հետ ու կարգի կը դնեմ։

— Դուն գիտես։

Այրն բարեպատեհ առթիվ մը կը պատվիրե կնոջ մասնակցիլ տան աշխատությանց։ Կինն կը պատասխանե, թե տալոջմեն