Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սերն անոթությամբ կրնա՞ սնանիլ։

Այո՛, կը պատասխանե բանաստեղծը և մանավանդ մեծ երջանկություն կը գտնե այն ամուսնության մեջ, հորում այրն երեկոյին տուն դարձած միջոցին կնոջը կըսե.

— Կնի՜կ, այս իրիկուն ալ հաց չկրցի բերել, գրկե զիս։

Եվ կինն ամուսնույն փաթթվելով՝ ուրախ և զվարթ.

— Շնորհակալ եմ, սիրելի ամուսինս, արդեն ուտելու ախորժակ չունիմ այս գիշեր, կուշտ եմ։

Հետո վեր կ՚ելնեն, կը վառեն ճրագն, եթե ունին, և քովե քով կը նստին։

— Ահա այս է բուն ամուսնությունը, կըսե այրը։

— Այո՜, կենաց դառնությունեն քաղցրություն քաղել։

— Ի՞նչ օգուտ ունին ճոխ սեղաններն, երբ այր և կին սիրով չեն։

— Ի՞նչի կը ծառայեն մեծափարթամ հարստություններն, երբ այրն ուրիշ կնոջ քայլերուն կը հետևի։

— Ի՞նչ ընեմ հոյակապ շենքերն, երբ անոնց մեջ վեճն ու կռիվն անպակաս են։

— Մարդս ազնիվ զգացումներ ունենալու է։

— Հացն ոչինչ է ազնիվ զգացմանցքով։

— Քիչով շատանալու է մարդ։

— Նույնիսկ ոչնչով։

— Ո՞րքան ուրախ եմ մեր խեղճության վրա... կարծես անուշություն մ՛ունի աղքատությունը։

— Անոթության մեջ սերը կանուշնա, կը սրբանա, կաստվածանա կարծես։ Տե՜ս, լուսինը ի՞նչ խորհրդավոր ժպիտով կը՝ ժպտի մեզ։ Այդ կապույտ գմբեթին լուսատու պատուհաններեն՝ անհունությունն է, որ կը դիտե զմեզ... չգիտեմ, ինչո՞ւ կը հափշտակվիմ այս քաղցր երագներու մեջ... ամենքը մեզմե ավելի հարուստ են, բայց մենք ամենեն ավելի երջանիկ ենք... մեր կյանքը վսեմ է, նույնիսկ մեր մահը շատերուն նախանձը պիտի գրգռե, եթե օր մը անոթութենե մեռնինք իրարու պլլված, ով իմ հոգվույս հատորը, պիտի ողբան զմեզ, պիտի լան մեր վրա և մեր գերեզմանն պիտի թրջեն արցունքներով, և այս դառն արտասուքներե պիտի բուսնին վարդի թուփեր, որոց վրա հաճախ պիտի գա սոխակն երգելու մեր սերն։ Եկուր գրկեմ զքեզ, ո՜վ իմ սիրուն հրեշտակս: Կուլա՞ ս...