Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Պարոն, երեսփոխանները բամբասելը ազգասպանություն է:

— Անոնց ըրածն է ազգասպանությունը:

— Դուն ալ անոր չափ ծառայե ազգիդ և վերջը խոսե։

Երեսփոխանի մը թերությունը հարվածելու համար, երեսփոխան ըլլալ պետք է եղեր։


Կը տեսնես, որ մեկը դպրոցի մը տնօրեն կարգված է, առանց կողմնացույցի կերթա ու կերթա, կը գուշակես, որ գացած ճամբան իր հրապարակավ խոստովանած նպատակին չտանիր, կը տեսնես, որ տգիտությունը իբրև լույս կը ծախե, ստությունը ճշմարտության վարագուրով ծածկելով զինք պաշտող սրատես հայերուն կը կլլեցնե, դու չես կլլեր և պարտքդ կատարելու համար կ՚սկսիս հարվածել, այս միջոցիս մեկը դեմդ կելնե և կըսե.

— Պարոն, գործող տնօրենությունը բամբասելը ազգասպանություն է։

— Բայց այս տնօրենությունը դպրոցը պիտի կործանե (եթե դպրոցի մը այդ վիճակը կործանված չըսվիր)։

— Դուն ալ անոր չափ գործե՛, վերջը խոսե՛։

Դպրոց մը կործանող տնоրենություն մը հարվածելու համսւր դպրոց մալ մենք կործանելու ենք եղեր։


Գիշեր ատեն քնացած ժամանակդ կիմանաս, որ դրացիդ նիկոդիմեոս աղբարը բանի մը համար բարկացած իր կինը չարաչար կը ծեծե, անկողինեդ կ՚ելնես և կերթաս զանոնք հաշտեցնելու, կը հաշտեցնես և հետնյալ օրը բարեկամներեդ մեկուն այդ մարդուն անգթությունը պատմելու չսկսած.

— Ինձի նայե, — կ՛ըսե բարեկամդ, — այդ կարգված մարդը չես կրնար բամբասել։

— Կնիկը պիտի մեռցներ հապա։

— Դուն ալ կարգվե, վերջը խոսե։

Կարգված մարդու մը անգթությունը զրուցելու համար, կնիկ մալ մենք ունենալու ենք եղեր...


Գիշեր ատեն ժամը չորսին տուն դարձած ժամանակդ, ուրիշ տունե մը տղու մը ճաթելով լալը կը լսես, պատճառը կը հարցնես