Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԶԱՏՈԻԹՅՈԻՆ է, ԱԶԱՏՈԻԹՅՈԻՆ

Աս ի՞նչ աղմուկ է, ինչ է լրագիրներու իրարանցումը, որ փոխանակ օգտակար խնդիրներու վրա վիճելու՝ տղայական խոսքերով ժամանակ կանցունեն, փոխանակ իրարու պատասխանելու զիրար մուրացկան, տգետ, շուն, շատախոս, քսու, ժպիրհ, սերսեմ, անամոթ, տերպետեր, խայտառակ և մաքտսի վերաբերյալ ածականներով կը մկրտեն, իրարու կը հայհոյեն և հասարակության ձանձրույթ կուտան, ի՞նչ է այս — ինչ պիտի ըլլա, խորհելու և խոսելու ազատություն է, ազատություն...


Ի՞նչ կուզեն աս վերջին օրերս իրարու ետևե Պատրիարքարան թափթփող ամուսնացյալները — ինչ պիտի ուզեն, տիկին Մարիամը, որ լավ պարել ու երգել գիտե, ասկե երեք տարի առաջ ինք իր գլխուն պարոն Ղուկասին հետ ամուսնացեր է. երեք տարվան միջոցին մեջ իր ամուսինը սնանկացնելե վերջը առջի գիշերն ալ առաջարկեր է, որ երեք հազար ղուրուշի արժողությամբ բիանո մը ծախու առնե, պարոն Ղուկասը դեմ է կեցեր, տիկին Մարիամն է բարկացեր, ամուսնույն մեջքին կից մէ տվեր, փողոցեն դուրս է նետեր. պարոն Ղուկասին ճարն է հատեր, բիանոն գտնողին գլխուն բյուր անեծք է թափեր և Պատրիարքարան է իջեր իր կինը ձգելու համար — կը վայլե ասիկա — ինչու չպիտի վայլե, ամուսնության ազատություն է, ազատություն...


Ո՞վ է սա երիտասարդը, որ նավակ մը նստեր դիմացն ալ չորս աղջիկ է առեր և անոնց մեկուն երգել տալով Օրթագյուղեն Գուզկունճուք կերթա — այդ երիտասարդը դպրոցի մը տնօրեն է, այն աղջիկներն ալ անոր աշակերտներն են — ի՞նչ կըսես Աստվածդ սիրես, ի սեր Աստուծո ըլլա, զրուցե, ստո՞ւյգ է ըսածդ, և եթե ստույգ